Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դրա ժամանակը չէ, Հուսիկ,— արգելեց օրիորդը։— Ես քեզ կանչեցի մի շա՛տ կարևոր գործի համար։

— Ի՞նչ գործ, — հարցրեց պատանին վշտացած ձայնով, առաջին անգամ մի այդպիսի սառնություն տեսնելով սիրած աղջկա կողմից։

— Գնա՛ Սամվելի մոտ, մի կերպով հասկացրու, որ իշխան Մուշեղին իմացում տա, որ նա այսօր մեր տիկնոջ մոտ ճաշի չգա... Գնա՛, մի ուշացիր...

Այն ծանր եղանակը, որով արտասանեց օրիորդը այդ խոսքերը, Հուսիկին մոռանալ տվեց յուր սիրային գուրգուրանքը, և նա զարմացած կերպով հարցրեց.

— Ինչո՞ւ Մուշեղ իշխանը չգա ճաշի, ի՞նչ կա...

— Բան կա... հետո կասեմ... դու մի ուշացիր...

— Չէ՞ որ իմ տերը պետք է գիտենա, թե ի՛նչ բան կա, որ իմացում տա Մուշեղ իշխանին։

— Հիմա որ քո տերը գիտենա, լավ չի լինի, սիրելի Հուսիկ, կարելի է մի խռովություն ծագե,— ասաց օրիորդը համոզիչ ձայնով.— թող հյուրերը գնան, ես բոլորը կպատմեմ քեզ, և դու կհայտնես քո տիրոջը։ Դե՛ գնա, մի ուշացիր։

— Թող տուր երեսդ...

— Գնա՛...

— Գոնե այդ սիրուն մատներդ...

Հուսիկը խլեց օրիորդի ձեռքը և, մատների ծայրերը համբուրելով, դուրս վազեց պարտեզից։



«Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի

Եւ զառաւօտն Նաւասարդի,

Զվազելն եզանց

Եւ զվազելն եղջերուաց.

Մեք փող հարուաք

Եւ թմբկի հարկանէաք»։


Հնչում էր վինը, հնչում էր բամբիռը և սեղանատնից լսելի էր լինում Արտաշեսի ըղձական երգը։ Երկու ժողովրդական երգիչներ, դռան մոտ կանդնած, երգում էին և ածում էին իրանց հինավուրց նվագարանների վրա։ Հին էր երգը, հին էին և երգիչները։