Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտաբերում եմ, աչքերս լցվում են արտասուքով․․․ Հայոց երկիրը առանց հովվապետի՞․․․ ա՜խ, այդ ինչ դժբախտություն է․․․ Եվ իրավ, նա թաշկինակը տարավ դեպի աչքերը։ Սահակը մխիթարեց նրան, ասելով.

— Ուրախ կա՛ց, տիկին, մի՛ տանջիր սիրտդ այդ դառն հիշողություններով։ Իմ հայրը յուր կյանքում շատ փորձանքների մեջ է ընկել, և ամեն անգամ ամենակալ տերը ազատել է նրան։ Այդ փորձանքից ևս, ես հավատացած եմ, կազատվի նա։

— Կազատվի՜,— կրկնեց տիկինը, ավելի մխիթարական դեմք ընդունելով։— Նրա սուրբ աղոթքը կազատե իրան․․․

Պարթևը փոխեց խոսքը, հարցնելով.

— Իսկ դու, քեռակին, ի՞նչ լուր ունես իմ քեռուց, չգիտեմ որտեղ ականջիս հասավ, որ այս մոտ օրերը գալու է նա։

Տիկինը շփոթվեցավ, բայց իսկույն զսպեց իրան, պատասխանելով.

— Ասում են՝ գալու է․․․ բայց ճիշտ տեղեկություններ չկան․․․ Կարծես թե, մեր մեղքից, ճանապարհները փակված լինեն․․․ Ամեն կողմից անհաջողության ձայներ են լսվում․․․ մխիթարական ոչինչ չկա․․․ Ի՞նչ է կատարվում այնտեղ, Տիզբոնում, ի՞նչ եղավ թագավորը,— հայտնի չէ․․․ Միայն այդ օրերում Տիզբոնից մի եկվոր,— երևի, փախստական զինվոր — լուր բերեց, թե քեռիդ գալիս է․․․ Ոչ նամակ ուներ, և ոչ մի նշան․․․ Կասկածում եմ, որ ընծա ստանալու համար՝ խաբեց ինձ․․․ Դու ինչ ես կարծում, սիրելի Սահակ, ես այդ մասին բոլորովին շվարած եմ, չգիտեմ, թե ինչ պետք է անել․․․

— Ես չեմ կարծում, որ եկվորը համարձակվեր խաբել քեզ, սիրելի քեռակին։ Որտեղի՞ց էր։

— Մեր գյուղացիներից մեկը․․․

— Ուրեմն կասկածելու ոչինչ չկա, ձեր գյուղացին քեզ չի խաբի․․․

— Ես էլ հակված եմ կարծել, թե գուցե ճշմարիտ լինի․․․ և պատրաստվում եմ Սամվելին ընդառաջ ուղարկել․․․

— Անպատճառ, պետք է ուղարկել,— ասաց Սահակը, ուրախություն ցույց տալով և դարձավ դեպի մյուսները, այդ կեղծ-մտերմական խոսակցությունը՝ ընդհանրացնելով։

— Լսի՛ր, Մեսրոպ, քեռիս դալիս է, Սամվելը պետք է ընդառաջ գնա, խմենք մի-մի գավաթ, Սամվելին բարի ճանապարհ մաղթելով։