Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա` Տարոն սասանվեցավ,
Սասանվեցավ, դղրդաց,
Ամպրոպային ահեղ թնդմամբ
Լեռն ու անտառ որոտաց։

Այդ հսկան է — շեկ Վահագնը —
Հսկայական ընթացքով
Տատանում է երկինք, գետինք,
Տատանում է լեռ ու ծով։

Բայց դիցուհու գողտրիկ սիրտը
Անուշ դոզով դողդողաց,
Երբ դյուցազնի մերձենալը
Յուր ամրոցին նա զգաց:

Կրկին տիրեց լռությունը —
Խորհրդավո՜ր լռություն,
Նա Դյուցազնին հանդիստ տվեց.
Հանգիստ տվեց յուր գրկում։


ԺԳ

ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԲԱՐԴՎՈԻՄ ԵՆ

Ճաշը վերջանալուց հետո, հյուրերը կրկին հավաքվեցան դահլիճը։ Այստեղ պատրաստած էին նրանց համար զանազան օշարակներ և զանազան զովացուցիչ ըմպելիքներ` գինու տապը մարելու համար։ Սպասավորները անդադար ելևմուտ էին անում, իսկ դռների մոտ անշարժ կանգնած էին թե Սահակի և թե Մեսրոպի զինված թիկնապահները։ Մամիկոնյան տիկինը այժմ ավելի ուրախ էր և ավելի սիրալիր քնքշությամբ գուրգուրում էր յուր հյուրերին։ Նա մինչև անգամ խոսում էր, ծիծաղում էր Մեսրոպի հետ, որի վրա առաջ առանձին ուշադրություն չէր դարձնում, համարելով նրան «մի փոքրիկ ազնվական», որ յուր անշուք ամրոցի կտուրից կարող էր տեսնել յուր կալվածքների բոլոր սահմանները։

Ծերունի Արբակը հենց ճաշը վերջանալուց հետո իսկույն աննկատելի կերպով անհայտացավ։ Սամվելը դեռևս գտնվում էր յուր առաջվա մռայլ տրամադրության մեջ։ Եթե հյուրերի ներկայությունը չլիներ, նա ևս, յուր դայակի նման, կթողներ և կհեռանար