Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ասում եմ, որ այդ ինձ հետ շատ է պատահում...— կրկնեց որդին և վեր կացավ նստած տեղից։

Նա մի քանի անգամ մտահույզ կերպով անցավ դահլիճի միջով, հետո կանգնեց Մեսրոպի մոտ, որ դեռևս շարունակում էր նայել հնադարյան անոթների վրա։ Տիկինը գնաց, նստեց յուր տեղը։

— Երիտասարդների հետ այդպիսի րոպեներ շատ են պատահում,— ասաց նրան Սահակը։— Ո՜վ գիտե, ինչ է մտաբերել... երևի, յուր նշանածին...

Վերջին խոսքը ասելով, տիկնոջ որդու մասին կրած ցավակցական զգացմունքները կատաղության փոխվեցան։ Նա զայրացած կերպով գոչեց.

— Խնդրում եմ, Սահակ, մի հիշեցրեք ինձ այդ անունը... Ինձ ատելի են բոլոր Ռշտունիները և ամբողջ Ռշտունիքը...

Սահակը այդպիսի պատասխան չէր սպասում։ Այդ խոսքերը ոչ միայն նետի նման ցցվեցան Սամվելի սրտում, այլև վիրավորեցին նույնիսկ Սահակին, և նա ստրջացավ, որ միամտաբար այդ առարկայի վրա խոսք բաց արավ։

— Ինչո՞ւ Ռշտունիքը, այդ քաջարանց երկիրը, և ինչո՞ւ Ռշտունիները, այդ քաջազուն իշխանները ատելի են քեզ, տիկին,— հարցրեց նա սառն կերպով է։

— Չգիտեմ ինչու,— պատասխանեց տիկինը առաջվա վրդովմունքով։ — Միայն այդ կոշտ, կոպիտ, վայրենի, արյունարբու լեռնականների դուստրը չէ կարող իմ որդու կինը լինել... Ես ինքս Արծրունի եմ և Արծրունյաց տոհմից ընտրել եմ իմ որդու համար արժանավոր հարսնացու... Այդ գիտե Սամվելը. ես հարյուր անգամ նրա հետ խոսացել եմ այդ մասին։

Սամվելը լսում էր այդ խոսքերը. նա մոտեցավ և, կանգնելով մոր առջև, ասաց կիսահեգնական ձայնով.

— Գիտեմ, գիտեմ, ոչ թե հարյուր անգամ, այլ հազար անգամ դու ասել ես ինձ այդ, և իմ պատասխանները, կարծեմ, դու չես մոռացել...

— Իսկ եթե քո հա՞յրը կառաջարկե քեզ միևնույնը, Սամվել,— ասաց մայրը կշտամբելով որդու կամակորությունը,— դու, կարծեմ, այն ժամանակ չես համարձակվի հակառակել քո հոր կամքին...

— Դեռ ինձ հայտնի չէ, որ իմ հոր կամքը այդ է...— պատասխանեց Սամվելը խորին սառնությամբ։

— Բայց ինձ հայտնի է... — ասաց մայրը խորին բարկությամբ։