Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սահակը, նկատելով, որ յուր անմեղ կատակով առիթ տվեց անտեղի և տարաժամ վիճաբանության մոր և որդու մեջ, ընդմիջեց նրանց կռիվը, ասելով.

— Թողնենք այդ։ Իրավ է, որ այդ հարցում հոր կամքը ավելի մեծ նշանակություն ունի․․․ Թողնենք մինչև հոր գալուստը․․․ Ես հավատացած եմ, որ Սամվելը հոր ցանկությունը կկատարե․․․ Հետո, կամենալով ավելի կարևոր առարկայի վրա դարձնել խոսակցությունը, դարձավ նա դեպի Սամվելը, ասելով.

— Իսկ դու, սիրելի Սամվել, պետք է պատրաստվես հորդ ընդառաջ գնալու։

Սամվելը ոչինչ չպատասխանեց։ Մայրը շատ գոհ մնաց Սահակի առաջարկությունից և, բռնելով որդու ձեռքից, նստացրեց յուր մոտ, գահավորակի վրա, և մի առանձին սիրելությամբ նայելով նրա երեսին, ասաց.

— Ես ամեն ինչ պատրաստել կտամ քո ճանապարհորդության համար, թանկագին Սամվել։ Ես մոռանում եմ բոլորը։ Դու չգիտես, ի՛նչ բան է մոր սիրտը։ Դու չգիտես, թե որպիսի ջերմությամբ ամեն րոպե բաբախում է նա որդու բախտավորության համար։ Ես հենց այսօր կհրամայեմ, որ պատրաստեն նժույգՆերը։ Արծաթյա ասպազենքով և թանկագին շալերով զարդարել կտամ նրանց։ Ավելի քան հիսուն հետևակներով դու կդիմավորես քո հորը։ Քեզ կուղեկցե երիտասարդ համհարզների մի ստվար խումբ, ամենքը գեղեցիկ զարդերով զարդարված, ամենքը հարուստ զենքերով սպառազինված։ Եվ ամեն մարդ, ով որ կտեսնե քո փառավորությունը, երանի կտա քո ծնողներին։

Սամվելի հոր գալուստը, որի մասին տիկինը առաջ թեությամբ էր խոսում, և ավելի ծածկել էր աշխատում, քան թե երևան հանել, այժմ, հակառակ նրա ցանկության, յուր բոլոր պարզությամբ խոսակցության առարկա դարձավ։ Տիկինը մի առանձին վնաս չէր տեսնում եթե յուր հյուրերին հայտնի կլիներ նրա գալուստը միայն, բայց ոչ գալստյան նպատակները: Նպատակների մասին նա կարծում էր, որ յուր հյուրերը ոչինչ չգիտեն, եթե գիտենային, չէին համբերի և որևիցե կերպով կակնարկեին նրան։ Այդ մտքով նա հրամայեց տաճարապետին, որ սեղանի վրա ամենաթունդ գինին մատուցանե, որպեսզի արբեցության ջերմության մեջ կարողանա նրանց գլուխները թափ տալ։ Բայց ոչինչ չլսեց։ Այսուամենայնիվ, նրա կասկածը Սահակի և նրա հոր ծածկամիտ քարտուղարի այցելությունների մասին տակավին փարատված չէր։