Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սամվելը հասկացավ Սահակի նպատակը, թե որպիսի վարպետությամբ նա խոսել տվեց յուր մորը այն բոլորը, ինչ որ վերաբերում էր յուր ճանապարհորդությանը: Եվ յուր սովորական երկմտանի պատասխանով կամեցավ լրացնել նրա խոստացած պատրաստությունների թերին, ասելով.

— Այդ բոլորը հարկավոր է հորս արժանավոր ընդունելության համար, սիրելի մայր, բայց դու նրա մեծապատիվ ուղեկիցների ընդունելության մասին ոչինչ չասեցիր։

Վերջին խոսքերի միջոցին նա դարձավ դեպի Սահակը և դեպի Մեսրոպը, որ նստած էր նրանց մոտ։

— Հորս հետ գալիս են պարսից երկու նշանավոր զորապետները — Զիկ և Կարեն.— դրանք գալիս են մեր երկիրը պահպանելու, որովհետև թագավորը չկա, իսկ հայրապետը բացակա է․․․ Դրանց ընդունելության համար ևս հարկավոր են փառավոր պատրաստություններ․․․

Մոր սիրտը սկսեց դողալ։ Ի՞նչ էր կամենում ասել Սամվելը։ Միթե՞ նա բոլոր գաղտնիքը կամենում էր թաց անել Սահակի և Մեսրոպի առջև։ Սամվելը նկատեց մոր շփոթությունը և շարունակեց․

— Այո՛, հորս հետ գալիս են Զիկ և Կարեն զորապետները։ Երբ նրանք ոտք կդնեն Տարոնի հողի վրա և երբ կմոտենան Արածանիին, այդ ժամանակ դու, սիրելի մայր, սկսյալ Արածանիի ափերից մինչև մեր ամրոցը, ճանապարհի ամբողջ տարածությունը պատել կտաս թանկագին գորգերով։ Եվ պարսից զորապետները այդ փառավոր փիանդազի վրայով ընթանալով կմտնեն մեր ամրոցը։ Այն ժամանակ կկատարենք մեծահանդես խրախճանը․․․ Բայց չմոռանաս, սիրելի մայր, պատվիրել, որ մինչև մեր ամրոցին հասնելը, ըստ պարսից սովորության, ճանապարհի վրա, բազմաթիվ զոհեր մատուցվեն նրանց առջև․․․ Թող արյունով սրբվի այդ ճանապարհը․․․ և թող զոհերի դիակների վրայով անցնեն այդ հարգելի հյուրերը․․․

Տիկինը փոքր-ինչ շունչ առեց, երբ տեսավ, որ Սամվելը կարճ կտրեց յուր գառն ակնարկությունները։

Խոսակցությունը ընդհատվեցավ, որովհետև Սահակը և Մեսրոպը վեր կացան և, հայտնելով իրանց շնորհակալությունը տիկնոջ սիրալիր հյուրասիրության համար, ասացին, թե գնալու են Մուշեղ իշխանին այցելելու։ Այդ այցելությունը ամենևին ախորժելի