Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չթվեցավ տիկնոջը, մանավանդ երբ իմացավ, որ ընթրիքը նրա մոտ են ուտելու և գիշերը նրա մոտ են մնալու։

— Ինչո՞ւ այնտեղ,— թախանձում էր տիկինը,— ինչո՞ւ եք վիրավորում ինձ։ Խնդրում եմ, գիշերը մեզ մոտ եկեք։

— Դու այնքան զբաղմունք ունես, սիրելի քեռակին,— ասաց Uահակը,— որ թե ես, թե Մեսրոպը չէինք ցանկանա խանգարել քեզ։ Բայց Մուշեղը ավելի անգործ մարդ է այդ ամրոցում։

Տիկինը ամենաքնքուշ ողջագուրանքով ճանապարհ դրեց նրանց մինչև նախասենյակը, խոսք առնելով, որ գնալու ժամանակ դարձյալ կտեսնվեն յուր հետ։ Նա վերադարձավ դատարկացած դահլիճը, և յուր տանջված մարմինը բաց թողնելով գահավորակի վրա, ընկողմանեցավ և, երկու ձեռքով բռնելով ծանրացած գլուխը, սկսեց ինքն իրան հաշիվ տալ յուր այնօրվա կատարած դերի մասին։ Դերը անհաջող էր, իսկ հաշիվը հուսահատական։ Անհաջող էր նա այն կետում, որ նախագծել էր յուր համար, թե ի՞նչ դիրք պետք է բռներ յուր երկու հյուրերի առջև յուր ամուսնու գալստյան խորհրդի վերաբերությամբ։ Բայց նրանք շատ բան իմացան, քան թե հարկավոր էր, որ իմանային։ Անհաջող էր նաև Մուշեղի մասին հղացած չար դիտավորության վերաբերությամբ, Նա մտածում էր կանչել տալ ներքինապետին և նրանից հարցուփորձ անել։ Բայց քառորդ ժամից հետո, նա ինքը, յուր տիկնոջ նման թախծալի և վշտահար դեմքով, ներս մտավ։

Սամվելը գնաց Սահակի և Մեսրոպի հետ նրանց ճանապարհ դնելու մինչև Մուշեղի ապարանքը։ Երկար նրանք անցնում էին զանազան բակերի և զանազան շինվածքների միջով, մինչև դուրս եկան ամրոցի այդ ոլորոպտույտ լաբյուրինթոսից և հասան ապարանքի մեծ, կամարակապ դռանը։ Երկու թևատարած արծիվներ քարից դուրս էին բերված դռան կամարի վրա, որոնք, երկու արթուն ոգիների նման, կարծես հսկում էին այդ իշխանական տան մուտքի վրա։ Մուշեղի հայր Վասակը բոլոր Մամիկոնյան եղբայրների մեջ ամենահարուստն էր և նրա ապարանքը՝ ամենափառավորը։ Բացի Տարոնից, որ այդ տոհմի նախարարության ժառանգությունն էր, Վասակին էր պատկանում Եկեղյաց գավառի մի մասը, ուր հիմնել էր նա յուր անունով մի քաղաք, որ կոչվում էր Վասակակերտ։

Մտնելով ապարանքի մեծ դռնից և անցնելով երկար փողոցով, առաջինը, որ բացվեցավ նրանց առջև, դա մի ընդարձակ բակ էր, որ զարդարած էր ծաղկավետ թփերով և մշտականաչ բույսերով։ Բшկի մեջտեղում մարմարյա շատրվանից բարձր ցայտում էր ջուրը,