Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և մարգարտյա տարափի նման, դարձյալ ցողվում էր գեղեցիկ նհանգի գանգրահեր գլխի վրա, որի բերանից դուրս էր վիժում նա։ Այդ պարզ, թրթռուն ավազանի շուրջը նազելով պտտվում էին երկու սիրամարգներ։ Ջրի վրա դրվել էին զանազան ծաղիկներ, որոնք, ալիքների մեղմ ծփանքից մոտենալով ավազանի բոլորակ եզերքին, կազմել էին մի գույնզգույն բոլորակ պսակ։ Արեգակի ճառագայթները կորցնում էին իրանց ջերմությունը այդ անուշահոտ, հովասուն դրախտի մեջ, ուր ամբողջ տարին տիրում էր մշտադալար, անթառամ գարուն։

Նրանք գտան Մուշեղին մի հովանոցի մեջ, որ մոտ էր ջրի ավազանին։ Նա նստած էր Այնտեղ միայնակ և լուռ նայում էր երկու կայտառ պատանիների վրա, որոնք նրա հանդեպի ճեմելիքում նետով նշան էին խփում մի գնդակի, որ դրած էր բարձր ձողի գլխին։

Տեսնելով յուր հարգելի այցելուներին, Մուշեղը դուրս վազեց հովանոցից և, դիմավորելով նրանց, գրկվեցավ նախ Սահակի հետ և ապա Մեսրոպի հետ։

— Երևի,— ասաց նա ծիծաղելով,— Սամվելի մայրը սաստիկ հղփացրել է ձեզ, որ այդպես ուշ եք Վերջացրել ճաշը։ Ես այստեղ երկար սպասում էի։

Նրանք մտան հովանոցը և նստեցին դալար ճյուղերից հյուսած աթոռների վրա։ Սամվելը բաժանվեցավ։

— Դու գնո՞ւմ ես, Սամվել,— հարցրեց նրանից Մուշեղը։

— Ես կգամ ձեզ մոտ գիշերը․․․ երևի, շատ ուշ․․․— պատասխանեց նա և հեռացավ։

Հովանոցի մոտ, դրսում, ոտքի վրա կանգնած էին Սահակի Մեսրոպի անբաժան թիկնապահները։ Նրանք հրաման ստացան որ գնան և պարտեզի մի կողմում նստեն, հանգստանան, որովհետև ամբողջ օրը ոտքի վրա էին։

Երկու պատանիները, տեսնելով Սահակին և Մեսրոպին, թողին իրանց ուրախ մարզությունը և վազեցին դեպի հովանոցը Սահակը երկուսին ևս զրկեց և համբուրեց։ Դրանցից մեկը Մամիկոնյան Վարդանի որդի Համազասպն էր, իսկ մյուսը Մամիկոնյան Վաչեի որդի Արտավազդն էր։

Վէջինը, որ մի խարտյաշ, կրակոտ պատանի էր, մոտ տասն և յոթն տարեկան, երկու ձեռքերը դրեց Սահակի ծնկների վրա ծիծաղկոտ դեմքով նայելով նրա երեսին, ասաց․