Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի շինական խնդրում էր տեսնել իմ տիրոջը,— պատասխանեց պատանին։

Սամվելը հասկացավ, թե ով պետք է լիներ։

— Նրան այնպես կբերես ինձ մոտ, որ ոչ ոք չտեսնե, — պատվիրեց Հուսիկին։

Պատանին ճրագը դրեց յուր տեղը և հեռացավ, Սամվելը քնարանից դուրս եկավ յուր ընդունարանը։ Մի քանի րոպեից հետո, Հուսիկի առաջնորդությամբ, ներս մտավ Մալխասը, թավամազ կուրծքը բաց, բազուկները հոլանի և մի երկայն նիզակ ձեռքում բռնած։ Նա անփույթ կերպով գլուխ տվեց և հենվեցավ յուր նիզակի վրա։

Հուսիկը խոհեմությամբ հեռացավ, մտածելով, գուցե յուր տերը առանձին խոսելիք ունե այդ մարդու հետ, որի ավազակային դեմքը նրան շատ հաճելի չթվեցավ։

— Դու որևիցե ժամանակ եղե՞լ ես Ռշտունյաց կողմերում, Մալխաս,— հարցրեց նրանից Սամվելը սպասավորի հեռանալուց հետո։

Ծիծաղի նման մի բան ցնցեց համարձակ շինականի խոշոր գծերը և նա արհամարհանքով պատասխանեց.

— Ռշտունյաց լեռներում մի քար չկա, որ Մալխասը չճանաչե, տեր իմ։

— Իսկ Աղթամար կղզում եղե՞լ ես։

— Մի քանի անգամ։

— Որքա՞ն ժամանակում կարող ես հասնել այնտեղ։

Շինականը րոպեական մտածությունից հետո ասաց.

— Այդ իմ տիրոջ կամքիցն է կախված, եթե շուտ է հարկավոր, ես գիշերը ցերեկ կդարձնեմ և երկու օրում կհասնեմ։

— Շուտ է հարկավոր...— ասաց Սամվելը և յուր թղթերի պահարանից դուրս բերեց մի նամակ, որ այն առավոտ գրած, պատրաստած ուներ։ Նամակը հանձնեց նրան, ասելով.

— Այդ նամակը, որքան կարելի է, շուտ կհասցնես Ռշտունյաց Գարեգին իշխանին։

Մալխասը ընդունեց նամակը և խնամքով թաքցրեց յուր գլխի ապարոշի փաթոթի մեջ։

— Էլ ուրիշ հրաման չունի՞ իմ տերը,— հարցրեց նա։

— Ուրիշ ոչինչ։ Բարի ճանապարհ եմ ցանկանում։

Նա խոնարհությամբ գլուխ տվեց և հեռացավ։

Նախասենյակի դռան մոտ սպասում էր Հուսիկը։ Նա այդ օտարականին