Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպես աննկատելի կերպով ներս էր բերել, նույնպես աննկատելի կերպով դուրս հանեց ամրոցից։

Այդ համարձակ, անձնավստահ տղամարդը նույն շինականն էր, որին մի օր առաջ հանդիպեց Սամվելը ճանապարհի վրա Աշտիշատի վանքը գնալու ժամանակ։ Նամակը տարավ նա Ռշտունյաց Գարեգին իշխանին, որի Աշխեն անունը դուստրը Սամվելի սիրո և քաղցր մտածությունների առարկան էր։ Իսկ նրա մոր ատելության — չար հրեշտակը...

ԺԴ

ՆՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԹղթատարին ճանապարհ դնելուց հետո Սամվելը դարձավ դեպի յուր մտերիմ սենեկապետը, ասելով.

— Հուսիկ, այս գիշեր պետք է Մուշեղ իշխանի մոտ գնամ, հավաքի՛ր քո բոլոր ճարպկությունները, հետազոտի՛ր բոլոր անցքերը, որպեսզի իմ այնտեղ գնալը ոչ ոք չտեսնե։

— Իմ տիրոջ հրամանը կատարված կլինի,— ասաց պատանին ինքնավստահությամբ և դուրս գնաց, յուր մեջ մտածելով, «Ես մի այնպիսի բան կսարքեմ, որ սատանան էլ չի տեսնի»...

Սամվելը մնաց յուր սենյակում միայնակ։

Երբեք նա այնպես հափշտակված չէր եղել, որպես այն գիշեր, երբեք նրա զգացմունքները այնպես վառված չէին եղել, որպես այս գիշեր։ Թղթատարի տարած ծրարի մեջ ուղարկեց նա յուր սիրտը, յուր միտքը, յուր հոգեկան բոլոր քնքշությունները։ Այժմ նրա դատարկ ուրվականը միայն շրջում էր այդ ամայի սենյակի մեջ, որ յուր հարուստ շրջապատով խեղդում էր նրան։

Նա մտքով սլացել էր այնտեղ, դեպի այն ահարկու լեռները, ուր սրաթռիչ արծիվն անգամ չէր համարձակվում վերամբառնալ մինչև ապառաժների կատարները, ուր ամպերի հետ համբուրվում է մշտականաչ եղևինը, ուր արծաթյա կամարներով փայլում են լեռնային ջրվեժները, ուր վագրը, ինձը, բորենին միայն աղմկում են մթին անտառների հավերժական լռությունը։

Այնտե՛ղ, այն քարեղեն աշխարհում, վեհափառ Արտոսը, որպես մի պատրիարք, յուր ալեզարդ գագաթով իշխում է շրջակա