Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զգացմունքներով լի մենախոսությունը։ Երեսը ծածկված էր մետաքսյա սև դիմակով։ Սամվելը դեռ արձանի նման կանգնած էր լուսամուտի հանդեպ և դեմքը դարձրած ուներ դեպի այն աշխարհը, որի մասին խոսում էր։ Երբ վերջացրեց, գլուխը խոնարհեցրած կուրծքի վրա, թևքերը խաչաձև փակած, որպես մի ուշացնոր երազամոլ, մի քանի անգամ անցավ սենյակի միջով, և ապա մոտեցավ մի բազմոցի, հենվեցավ նրա վրա։ Այդ խռովյալ դրության մեջ մորմոքում էր նա, երբ հանկարծ զգաց, որ երկու սառցային ձեռքեր բռնեցին յուր ձեռքը։ Նա սոսկաց։ Մթին ուրվականը իսկույն մի կողմ ձգեց յուր դիմակը և սփածանելիքը։ Սամվելի սարսափը ավելի մեծ եղավ, երբ յուր հանդեպ տեսավ գունաթափ Որմիզդուխտին։

— Մի՛ շփոթվիր,— ասաց նա հանգիստ ձայնով,— ես բոլո՛րը լսեցի... բոլո՛րը հասկացա... Ես թեև հայերեն չեմ իմանում, բայց սիրո լեզուն, սիրո ձայնը՝ ամեն ազգի հասկանալի է...

— Որմիզդո՜ւխտ,— բացականչեց ապշած երիտասարդը,— այդպե՞ս գիշերը... այդպե՞ս տարաժամ...

— Այո՛ , այդպես տարաժամ եկա քեզ մոտ՝ մի շատ կարևոր գործի համար, Սամվել, միայն համբերություն ունեցիր լսելու։

Ամբողջ մարմնով դողում էր նա։ Սամվելը բռնեց նրա ձեռքից, նստեցրեց յուր մոտ, բազմոցի վրա։ Երբ փոքր-ինչ հանգստացավ նա, դարձավ դեպի երիտասարդը, ասելով.

— Կողպի՛ր դռները, մեր խոսակցությունը պետք է առանձին լինի:

Սամվելը կատարեց նրա ցանկությունը։

— Ների՛ր ինձ, Սամվել,— ասաց նա թախծալի ձայնով,— ես խանգարեցի քո սրբազան հոգեզմայլությունը... ես խլեցի քեզանից այն թանկագին րոպեները, երբ դու քո սրտի հետ պետք է խոսեիր...

Սամվելը խոսք չգտավ պատասխանելու։ Նա շարունակեց.

— Սիրի՛ր նրան, Սամվել, որին այնքան ջերմ սիրով նվիրել ես քո սիրտը։ Դու արժանի ես մի լավ կենակցի։ Քեզանով բախտավոր կլինի կինը, դու կբախտավորեցնես ամեն կնոջ...

Վերջին խոսքերն արտասանեց նա հեկեկանքով։

Նա ձեռքը տարավ դեպի գլուխը, ետ քաշեց ճակատի վրա թափված գանգուրները, որ, կարծես, աշխատում էին սքողել նրա արտասուքը:

— Լսի՛ր, Սամվել,— առաջ տարավ նա րոպեական լռությունից