Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գալուստը, պատմեցիր և այն, թե ի՞նչ գործեր պետք է կատարեն նրանք ձեր երկրում, բայց ամենագլխավո՛րը կամ քեզ հայտնի չէր, կամ ծածկեցիր ինձանից։

— Ես ոչինչ չծածկեցի քեզանից, Որմիզդուխտ, ինչ որ գիտեի, բոլորր պատմեցի։

— Ուրեմն ամենագլխավորը քեզ հայտնի չէ։ Լսի՛ր, Սամվել, նախ, իզուր եք սպասում դու կամ քո մայրը, որ նրանք Տարոնով կմտնեն Հայաստան։ Սկզբից այստեղ չեն գալու։ Նրանք կմտնեն Հայաստան Վասպուրականի կողմերով, որը Մերուժանի իշխանության երկիրն է։ Նրանց առաջին գործը կլինի՝ կալանավորել հայոց բոլոր նախարարներին և շղթայակապ ուղարկել Տիզբոն։ Այնտեղից կվարեն նրանց ձեր թագավորի մոտ, որը այժմ մի բերդում աքսորված է։ Հետո նրանց երկրորդ գործը կլինի՝ կալանավորել աքսորված նախարարների կանանցը, զավակներին և պահել բերդերում խիստ հսկողության ներքո...

— Որոնց հետ և այն հրեշտակին, որին ես սիրում եմ...— ընդհատեց Սամվելը խորին վրդովմունքով։— Այդպես չէ՞, Որմիզդուխտ։

— Շատ հասկանալի է...— պատասխանեց տիկինը տխուր ձայնով։— Եթե մյուս նախարարների ընտանիքները կկալանավորեն, նրանց թվում կկալանավորեն և Ռշտունյաց նախարարի ընտանիքը և քո հրեշտակին։ Հրամայված է՝ չխնայել ոչ սեռի, ոչ հասակի և ոչ աստիճանի։ Ամեն մի ընդդիմացող կդատապարտվի մահվան պատժի։ Կխնայեն միայն նրանց, որոնք կընդունեն Մաղդեզանց կրոնը։ Եվ նրանք բերում են իրանց հետ այնքան զորքեր, որ այդ բոլորը կարող են կատարել։ Մոռացա ասել, որ խստիվ պատվիրված է՝ կալանավորել հայոց տիկնոջը (թագուհուն) և ուղարկել Պարսկաստան։

— Ես այդ բոլորը սպասո՜ւմ էի...— ասաց Սամվելը, գլուխը ցավակցաբար շարժելով։— Բայց դու ինձ այն ասա՛, Որմիզդուխտ, թե որտեղի՞ց հավաքվեցան քեզ մոտ այդ տեղեկությունները։ Դու առավոտյան ոչինչ չգիտեիր և մինչև անգամ իմ հոր գալստյան մասին տեղեկություն չունեիր։

— Այդ իրավ է, ոչինչ չգիտեի և ոչ մի տեղեկություն չունեի: Առաջին անգամ քեզանից լսեցի, որ իմ ամուսինը և Մերուժանը գալիս են: Եվ այդ շատ զարմացրեց ինձ, թե ինչպե՞ս է պատահել, որ մի այդպիսի նշանավոր տեղեկություն ինձ չեն հաղորդել Տիզբոնից։ Ես զանազան կասկածների մեջ ընկա, մանավանդ երբ