Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարսի հետ հարուստ օժիտ են դնում և նույն օժիտի թվում ուղարկում են մեզ իրանց լրտեսը, բազմաթիվ աղախինների և սպասավորների հետ․․․ Ի՜նչ չավ խնամություն է․․․ Պարսից թագավորի նենգավոր խնամությունն»․․․

Նա դարձավ դեպի տիկինը.

— Դու, Որմիզդուխտ, այնքան բարեսիրտ ես, որ ես չէի համարձակվիլ մի ամենափոքր կասկածով անգամ վիրավորել քո հրեշտակային անմհղությունը։ Բայց դու մտածո՞ւմ ես, թե որքան վատ է ուրիշի տան գործերը լրտեսել։

— Այդ ես գիտեմ, — պատասխանեց նա մի այնպիսի ձայնով, որի մեջ լսվում էր սրտի խորին բարկությունը՝ լի անմխիթար ցավակցությամբ։— Այդ ես գիտեմ և դառն հետևանքները տեսնում եմ։ Ինձ համար շատ սոսկալի է, երբ մարդկանց արյուն է թափվում, երբ հայր և մայր մաշվում են բանտերի մեջ, իսկ զավակները, որբ և անտեր, մնում են դահիճների ձեռքում։ Ես չեմ կարող տանել այդպիսի անգթություններ։

— Բայց այդ քո եղբոր ցանկությունն է, — նկատեց Սամվելը։

— Մի նախատիր ինձ, Սամվել, եղբորս պատճառով։ Պարսից թագավորները սիրտ չունեն։ Մարդկանց դիակների վրա են հաստատում նրանք իրանց գահի պատվանդանը, — այդպես ասել է մեր իմաստասերներից մեկը։

Սամվելը մտածության մեջ ընկավ։ Տիկինը ընդհատեց նրա լռությունը, ասելով.

— Մի տրտմիր, Սամվել, իմ խիղճը հանգստացնելու համար՝ ես հենց այս առավոտ կհրամայեմ պատրաստել իմ ճանապարհորդության քարավանը, կգնամ Տիզբոն, կընկնեմ իմ եղբոր գահի առջև և իմ արտասուքով կամոքեմ նրա բարկությունը։ Եվ եթե նա անզգա կլինի դեպի քրոջ արտասուքը, նույն գահի պատվանդանը արատավորված կտեսնի յուր հարազատի արյունով․․․

— Ես հավատում եմ քո անձնազոհությանը, Որմիզդուխտ,— պատասխանեց երիտասարդը, — դու ավելի քան այդ բարեգութ ես։ Բայց այժմ արդեն ուշ է․․․ Գործերը այնքան բարդված են, հանգամանքները այնքան անդառնալի ձև են ստացել, որ քո բարեխոսությունը հազիվ թե կարող էր խափանել կատարվող չարիքը...

— Բայց քո կյանքը վտանգի մեջ է, Սամվել։ Ես չեմ տարակուսում, որ ներքինապետը, կամ որպես դու անվանեցիր, այդ ցած լրտեսը, քո անունն ևս «անքարեմիտների։» ցուցակի մեջ անցկացրած չլինի․․․