Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդպիսի հարցմունք անել ինձանից։ Ես կհրամայեմ հենց այն րոպեում կախել նրան իմ բակի ծառերի մեկից։ Դու չգիտե՞ս, որքան ծառաներ կան իմ հրամանի ներքո։

Տիկնոջ մեջ եփ եկավ արքայադստեր թե հպարտությունը, և թե բարկությունը։ Նա վեր կացավ, ներողություն խնդրելով.

— Ես շատ ուշացա, աքաղաղները արդեն սկսել են խոսել․․․ Սամվելը նույնպես ոտքի ելավ։

— Ես այժմ փոքր-ինչ հանգիստ եմ, — ասաց տիկինը, յուր քնքշությամբ լի աչքերը դարձնելով դեպի երիտասարդը։ — Թեև ոչինչ բանի մեջ չկարողացա համոզել քեզ, բայց գոնե դու այսուհետև կգիտենաս քո անելիքը․․․

— Շնորհակալ եմ, Որմիզդուխտ, քո անսահման բարության և քո անկեղծ կարեկցության համար։ Դու չափազանց պարտավորեցրիր ինձ։

Տիկինը վեր առեց յուր սփածանելիքը և դիմակը։

— Ա՜խ, ներիր, Որմիզդուխտ, — ձայն տվեց երիտասարդը,— ես այն աստիճան շփոթվեցա քո անակնկալ ինձ մոտ գալով, որ մինչև անգամ մոռացա հարցնել, թե ինչպե՞ս եկար, կամ այժմ ինչպե՞ս պետք է գնաս։

Տիկինը ժպտաց, ասելով.

— Դու խո տեսար, որ ես ծածկված էի դրանց մեջ,— նա ցույց տվեց յուր ձեռքի սև սփածանելիքը և դիմակը, — դարձյալ այնպես կգնամ։ Ինձ իմ աղախիններից մեկի տեղը կընդունեն։

— Գոնե թույլ տուր ճանապարհ դնեմ քեզ մինչև քո բնակարանը։

— Հարկավոր չէ, դրսում իմ սպասավորներից երկուսը սպասում են․ նրանք կառաջնորդեն ինձ։ Իսկ քո ճանապարհ դնելը կարող է մատնել ինձ։

— Բшյց սպասավորները չգիտե՞ն, որ սև սփածանելիքի տա ծածկված է իրանց տիկինը։

— Չգիտեն։ նրանք ինձ բերեցին այստեղ, որպես իմ աղախիններից մեկին, և այդ կարծիքի մեջ էլ կմնան։ Առաջին անգամ չէ, որ իմ աղախիններից եկել են քեզ մոտ զանազան գործերով։

Տիկինը հագավ յուր դիմակը և ծածկվեցավ լայն շալի մեջ Սամվելը, սրտագին գոհ ունակությամբ հայտնելով յուր շնորհակալությունը, ճանապարհ դրեց նրան մինչև նախասենյակի դուռը։ Այնտեղ խավարի միջից հայտնվեցավ Հուսիկը։

— Տա՛ր այդ կնոջը, — հրամայեց նրան, — այնտեղ, դրսում