Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տիկին Որմիզդուխտի ծառաներր սպասում են, հանձնիր նրանց

Հուսիկը մատը տարավ դեպի ատամները և կծեց»

Մի բան անցավ նրա մտքով։

Մի այլ բան անցավ Սամվելի մտքով։

Ա՜խ, եթե փոքր֊ինչ շուտ եկած լիներ Որմիզդուխտը... Նա մտաբերեց Ռշտունյաց Գարեգին իշխանին և յուր սիրելի Աշխենին ուղարկած նամակները։


ԺԵ

ԼԵՌՆԱՑԻՆ ԻՇԽԱՆՈԻՀԻՆ

Սև սփածանելիքի մեջ ծածկված կինը դանդաղ, համրընթաց քայլերով անցնում էր ամրոցի ոլորապտույտ փողոցներով, հազիվհազ կարողանալով իրան ոտքերի վրա պահել։ Սամվելից բաժանվելուց հետո, դեռ նոր տիրեց նրա մեջ այն հիվանդոտ, վհատական թուլությունը, որ տեղի է ունենում գրգռված, բորբոքված գրության անցնելուց հետո։

Երկու սպաստվորներից մեկը տանում էր նրա առջևից վառած լապտերը, իսկ մյուսը գնում էր նրա ետևից։ ճանապարհին նա մի բառ անգամ չխոսեց յուր սպասավորների հետ։ Լուռ և անարգել ընթացքով անցնում էին նրանք ամրոցի զանազան դռներից, որ դրած էին պահապանների զգույշ հսկողության ներքո։ Լապտերի վրա կարմրին էր տալիս տիկին Որմիզդուխտի նշանը։ Այդ բավական էր պահապաններին նախազգացնելու համար, թե անցնողը տիկնոջ կանանոցիցն էր։

Ամբողջ ամրոցի մեջ տիրում էր մի տարօրինակ, ծանր, ճնշող լռություն, միայն երբեմն աշտարակների բարձրությունից լսելի էր չինում գիշերապահ զինվորի արթնության նշանաձայնը։ Մեկի ձայնին պատասխանում էին մյուս աշտարակներից, և լռությունը րոպեապես դղրդվում էր։—Այդ խոսում էր ամրոցը յուր ահարկու, երկաթյա լեզվով։

Ծածկված կինը արդեն հասել էր յուր բնակարանին։ Երբ մերձեցան կանանոցի դռանը, երկու սպասավորները այստեղ կանգ առին, և կինը միայնակ ներս մտավ ներքինիների այդ փակյալ աշխարհը, տղամարդի ոտքը դնելու կայան չունի։

129 9 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. VII