Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ես պետք է քավեմ այն, ինչ որ առանց իմ գիտության կատարվել է, որպեսզի խիղճս հանգստանա... Ես Սամվելին համոզել չկարողացա: Նա հակառակեց իմ Տիզբոն գնալու դիտավորությանր։ Այդ դեպքում ևս նա ցույց տվեց յուր անսահման բարեսրտությունը: Բայց ես պետք է գնամ, պետք է աշխատեմ ամոքել իմ եղբոր անգթությունները. .. Ես չեմ կարող այստեղ մնալ և հանդիսատես լինել ողբալի տեսարանների... Բայց իմ ամուսի՞նը... ի՞նչ կմտածե իմ ամուսինը... Նա կգա և ինձ յուր տան մեջ չի տեսնիր»...

Վերջին հարցի վրա մնաց նա:

Երկար մտատանջություններից հետո, նա ձայն տվեց յուր աղախիններին։ Ոչ ոք չհայտնվեցավ։ Վեր առեց յուր մոտ դրած ասրյա սպիտակ շալը, փաթաթվեցավ նրա մեջ և դուրս եկավ անկողնից։ Այդ շալի մեջ կիսամերկ գեղեցկուհին նմանում էր մի նազելի հավերժահարսի, որ կիսովի չափ դուրս է երևում նախշուն ոստրեի միջից։

Մտավ մյուս սենյակը։ Այստեղ աղախինները, մինը մյուսի վրա գլուխը դրած, խմբով պառկել էին։ Երևում էր, նրանք երկար սպասել էին իրանց տիկնոջը, և այնպես քուները տարել էր։ Տիկինը նայեց նրանց վրա և խղճացավ զարթնեցնել։ Նա դուրս եկավ և անցավ մի այլ սենյակ։ Այստեղ մի չափահաս կին, միայնակ նստած բազմոցի վրա, նիրհում էր։ Դռան բացվելու ձայնը փոքրինչ զգաստացրեց նրան, աչքերը բաց արավ, նայեց յուր շուրջը, և դարձյալ գլուխը խոնարհեցնելով, սկսեց նիրհել։

Տիկինը վերադարձավ յուր քնարանը։

Նա մոռացավ, թե ի՞նչ բանի համար էր կամենում կանչել յուր աղախիններին, մոռացավ և այն, թե ինչո՞ւ համար մտավ վերջին սենյակը, ուր բազմոցի վրա նիրհում էր չափահաս կինը։

Խարխափելով անցավ նա քնարանի միջով, որպես թե մի բան որոնում էր։ Աչքը ընկավ արծաթապատ արկղիկի վրա, որ դրած էր պատուհանում։ Այդ գեղեցիկ արկղիկը սարսափեցրեց նրան։ Մի առանձին զզվանքով ձեռքը տարավ դեպի կողպեքը, բաց արեց և նրա միջից հանեց մի քանի գրվածքներ։ Դրանք զանազան նամակների պատճեններ և զանազան սևագրություններ էին, որ այնօր ջոկել էր նա յուր ներքինապետի թղթերի միջից։ Նրանցից մեկը մտտեցրեց ճրագին, սկսեց կարդալ։ Նրա ուշադրությունը գրավեցին Հետևյալ տողերը.

...«Այստեղ մնացած Մամիկոնյան տոհմից երկու երիտասարդներ կարող են վտանգավոր լինել, մեկը` Վահան իշխանի որդի