Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սամվելը, մյուսը` նրա հորեղբոր որդի Մուշեղը։ Առաջինը, թեև անփորձ, դեռահաս մի երիտասարդ է, բայց խելադարի նման սիրահար է թե յուր թագավորին և թե յուր հայրենիքին։ Այդ սերը լրացնում է նրա մեջ փորձի և հմտության պակասությունը։ Քաջ է և համարձակ։ Սիրված է յուր հասարակությունից և նրա ձայնին շատերը կհետևեն։ Անկաշառելի է։ Ոչնչով չէ կարելի խախտել նրա հայրենասիրությունր։ Այդ մոլեռանդ երիտասարդը կարող է շատ հոգսեր պատճառել արյաց զորքերին, եթե վաղօրոք նրա մասին չխորհվի... Երկրորդը, Մուշեղը, առաջինի հայրենասիրության հետ` ունի փորձ և րնդարձակ հմտություններ պատերազմի գործերում։ Դա մի սոսկալի մարդ է: Պարսկաստանը շատ կշահվի, եթե մի ամբողջ գավառ անգամ նշանակելու կլինի նրա կյանքի վճարման համար, որպես գլխագին։ Մեծ է դրա ազդեցությունը թե ազնվական և թե հոգևոր դասակարգերի վրա։ Լավ զորապետ և քաջ պատերազմող է, և ոխերիմ թշնամի արիներին»...

Նա չկարողացավ շարունակել, ձեռքերը դողացին և մագաղաթի կտորը ընկավ հատակի վրա։ Այդ միջոցին ներս մտավ չափահաս կինը, որը մի քանի րոպե առաջ, մյուս սենյակում, բազմոցի վրա նստած, նիրհում էր։

— Ա՜խ, Որմիզդուխտ, աչքի լույս, — ձայն տվեց նա, — դու դեռ քնած չե՞ս։

Նա մոտեցավ, սկսեց փայփայել յուր տիկնոջ հերարձակ գլուխը։ Բայց նրա այլայլված դեմքը սարսափեցրեց պառավին, որը զարհուրելով ետ քաշվեցավ և հարցրեց.

— Ի՞նչ է պատահել քեզ հետ... ինչո՞ւ այդքան ուշացար... ի՞նչ ասաց Սամվելը... ե՞րբ եկար...— և նա զանազան հարցերով շփոթեցրեց առանց դրանց ևս շփոթված Որմիզդուխտին։

Այդ նիհար, ցամաքած պառավը Որմիզդուխտի տղայության ստնտուն էր. երեխայությունից սնուցել էր նրան յուր գթոտ կուրծքի վրա։ Երբ ամուսնացավ Որմիզդուխտը, երբ ուղարկեցին նրան Հայոց երկիրը, այդ խելացի, փորձված պառավին դրեցին անփորձ հարսի հետ իբրև խորհրդական, իբրև խնամակալ։

Պառավի հայտնվիլը փոքր-ինչ սփոփեց Որմիզդուխտին։ Լինում են րոպեներ, դա՛ռն, հուսահատական րոպեներ, երբ մարդ յուր տխուր միայնակության ժամանակ սփոփանք է գտնում մինչև անգամ կատվի մեջ, երբ հանկարծ ներս է մտնում սենյակը և կարեկցաբար քսքսվում է տառապյալի փեշերին: