Տիկինը անցավ մահճակալի վրա, մտավ անկողնի մեջ և կանչեց պառավին յուր մոտ։
— Նստիր այստեղ, Հումայի, մոտ նստիր,— խնդրեց նրանից նվաղած ձայնով։
Պաոավը տեղավորվեցավ նրա բարձերի մոտ։
— Ձեռքդ դիր ճակատիս վրա, շփի՛ր նրան, շա՛տ շփիր։
Պառավր յուր ոսկրոտ ձեռքը դրեց նրա ճակատի վրա, որ պատած էր սառն քրտինքով։
Մի քանի րոպե լուռ էր նա և բոցավառ աչքերը հածում էին սենյակի շուրջը։ Հետո աչքերը խփեց և ասաց պառավին։
— Խոսի՛ր, Հումայի, շա՛տ խոսիր, ես լսում եմ։
Պառավը խոսք չգտավ ասելու։ Տիկնոջ այդ տենդային դրությունը շվարեցրել էր նրան։
— Խոսի՛ր, Հումայի, մի բան ասա՛, — կրկնեց նա, յուր թախծալի աչքերը բաց անելով և դարձնելով դեպի պառավը։ — Մոռացե՞լ ես, Հումայի, լինում էին գիշերներ, երբ ես դեռ օրիորդ էի, դու այդպես, ինչպես այժմ, նստում էիր իմ անկողնի մոտ, խոսում էիր, խոսում էիր, և քո խոսքերին վերջ չէր լինում... Անցնում էին ժամեր, աքաղաղները կանչում էին, ես քնում էի, ես զարթնում էի, և դարձյալ լսում էի քո խոսքերի շարունակությունը... Ա՜խ, ո՛րքան լավ էր այն ժամանակը, ոչ հոգ կար, ոչ ցավ կար. ապրում էի ինչպես մի ուրախ թռչուն, և բնավ ծանոթ չէր ինձ, թե ի՛նչ է տխրությունը...
Աչքերը դարձյալ փակեց նա, ասելով.
— Խոսի՛ր, Հումայի, մի բան պատմի՛ր, որ քունս տանե... Շվարած պառավը ձեռքը տարավ դեպի նրա կուրծքը, որ սաստիկ զարկում էր։
— Այնտեղ կրակ կա, Հումայի, այնտեղ մի բան այրում է ինձ...— մրմնջաց նա և դարձյալ աչքերը բաց արեց։
Պառավը այժմ սկսեց վախենալ։
— Դու չես խոսում, Հումայի, դու լուռ ես... Ես կխոսեմ... ես ուզում եմ խոսել... շա՛տ խոսել...
Պառավը այժմ սկսեց մրթմրթալ։ Նա աղոթում էր։
Տիկինը յուր տաք ձեռքերով բռնեց պառավի ցամաք ձեռքը և հարցրեց.
— Հիշո՞ւմ ես, Հումայի, այն տարին, Աշտիջատի տոնախմբութ յան օրը. այդ վերջին հանդիսավոր տոնախմբությունն. էր, որ կատարվեցավ։ Մենք նստած էինք հայոց տիկնոջ (թագուհու) ծի