Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չում էր, ինչպես լեռնային զեփյուռը, որ զարկվում է ապառաժներին, զարկվում է դարևոր եղևիններին, սաստկանում է, սաստկանում է և ապա փոքր առ փոքր մեղմանալով, վերջը խուլ, տխրաձայն հնչյուններով հանգչում է ձորերի հեռավոր խորության մեջ... Կարծես և այդ րոպեում զարկում է իմ ականջներին կախարդիչ երգի թախծալի մեղեդին, կարծես և այժմ նայում եմ ես հափշտակված օրիորդի վառված աչքերի մեջ, ուր այնքան կրակ կար, ուր այնքան հրապուրանք կար, ուր այնքան սեր կար... Հիշո՞ւմ ես, Համայի, թե ով էր այդ օրիորդը։

— Ասում էին, որ Ռշտունյաց իշխանի դուստրն է։

— Այո՛, Ռշտունյաց իշխանի դուստրն էր—ահարկու լեռների և մթին անտառների բախտավոր դուստրը... Նա յուր հետ բերել էր յուր լեռների քաջերին։ Քա՜ղցր էր նայել այդ հովիվ ժողովրդի պարզ և անպաճույճ զրահավորության վրա, որ հայտնվել էին հանդեսում իրանց այծերի մազից գործած թեթև ասպարներով, իրանց ոչխարների բուրգից պատրաստած կաճյա զրահներով ու սաղավարտներով և իրանցի` նույնպես մաղից հյուսած` թանձր տրեխներով։ Ոտքից գլուխ մազով ու մորթով էին պատած նրանք, բայց երկաթի ամրություն ուներ այդ կոշտ-կոպիտ հանդերձանքը: Կոշտ-կոպիտ էին և իրանք — լեռնականները,—բայց բոլոր հանդիսականները սարսափում էին նրանց աղեղներից, որ երեք կանգուն տարածություն ունեին, և նրանց նետերից, որ մի նիզակի չափ երկարություն ունեին։ Խրոխտ էին այդ քաջերը և դյուրագրգիռ, իսկ նրանց թագուհին փայլում էր բոլոր հանդիսականների մեջ, որպես մի լեռնային դիցուհի...

Վերջին խոսքերի միջոցին նա յուր աչքերը փակած ուներ, կարծես խոսում էր քնի կամ երազի մեջ։

— Այդ քաջերը, — շարունակեց նա, — հրեղեն աչքերով և թավամազ դեմքով, թավամազ առյուծների նման, հսկում էին իրանց իշխանուհու վրա։ Մահը մի ակնթարթում վճռված կլիներ այն ազատանի երիտասարդի, որ կհամարձակվեր մի փոքր ծուռն աչքով նայել նրա վրա։ — Նա տարավ այդ տոնախմբության մրցությունների ժամանակ երկու փայլուն մրցանակներ, մեկը` ոսկեղեն թասր, որ ընդունեց հայոց տիկնոջ ձեռքից, մյուսր—Սամվելի սիրտը...

Նա լռեց, այլևս ոչինչ չխոսեց։

Երկյուղած պառավը սարսափով նայում էր նրա գունաթափ դեմքի վրա, որ երբեմն թրթռում էր տենդային ցնցումներով: