Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րում և աքսորված չուր թագավորի հետ։ Այժմ ինշպե՞ս պետք էր հայտնել նրան հոր ցավալի մահը և նրա, առանց դրան ևս, վշտերով ծանրացած սրտի վրա մի նոր և անմխիթար վիշտ ավելացնել: Այդ էր, որ շարժեց Սահակի սիրտը։ Բայց նա բարվոք համարեց լռել այդ մասին։ Խորին, ցավակցական զգացմունքներով վեր առեց սուրը, արտասանելով հետևյալ խոսքերը.

— Ես ինձ բախտավոր եմ համարում, որ այդ հանդիսավոր րոպեում, երբ մեր հայրենիքի բախտն է վճռվում, ինձ է վիճակվում այդ սուրը հանձնել քեզ, Մուշեղ։ Դա քո նախահարց փառքն է, իսկ նրանց արժանավոր ժառանգների` պարծանքը։ Այո՛, Մամիկոնյան տոհմը իրավունք ունի պարծենալու այդ սրով, որ մեր աշխարհի ամեն մի ճգնաժամի ժամանակ պաշտպան է հանդիսացել հայրենիքին։ Տրդատի օրերում այդ սուրը ջնջեց Սլկունինեըի քաջ ցեղը, որոնք, ապստամբվելով իրանց թագավորի դեմ, անցան թշնամու կողմը։ Տրդատի որդի Խոսրովի օրերում այդ սուրը փշրեց մեր դարևոր թշնամի պարսից զորությունը։ Խոսրովի որդի Տիրանի օրերում այդ սուրը մերկացավ բնիկ թագավորի դեմ, երբ նա սկսեց անխնա կոտորել հայոց նախարարների անչափահաս զավակներին։ Իսկ Տիրանի որդի Արշակի օրերում, որ մեր այժմյան դժբախտ թագավորն է, այդ սուրը, Մուշեղ, քո հոր ձեռքում, ոչ սակավ անգամ, խորտակեց Շապուհի ահագին զորությունները։ Նա մնաց միշտ անարատ և երբեք վատությունը, երկչոտությունը բիծ չդրեց նրա վրա։ Դրա մեջն է Մամիկոնյանների մեծությունը։ Միշտ անաչառ է եղել այդ սուրը թե դեպի օտարները և թե դեպի յուր հարազատները։ Քո հայրը, Մուշե՛ղ, այդ սրով սպանեց յուր եղբայր Վարդանին, երբ նա դավաճանեց հայրենիքին։ Արդարությունը, իրավունքը, նեղյալի և տառապյալի պաշտպանությունը միշտ եղել են այդ սրի բարձր, քաջազնական գաղափարը։ Քո հայրը, Մուշե՛ղ, զոհ եղավ յուր անսահման հայրենասիրությանը... Քո հորը պատահած ցավալի անցքից հետո, քե՛զ, երանելի հոր արժանավոր որդուն, քե՛զ միայն վայել է կրել այդ սուրը և անցնել հայոց զորքերի գլուխը։ Վտանգը մոտ է և տառապյալ հայրենիքի տխուր հառաչանքները կոչում են քեզ, Մուշե՛ղ, ընդունել այդ զենքը, որի մեջ պետք է գտնե նա յուր փրկությունը։ Եվ դու այնքան քաջ ես և անձնանվեր, որ կարդարացնես նրա սրտագին հույսերը...

Խորին տխրությամբ ընդունեց քաջազնյա երիտասարդը նախահարց սուրը, ասելով.