Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ես իմ տոհմի մեջ ամենադժբախտն եմ համարում ինձ, ընդունելով այդ սուրը։ Իմ նախնիքը ավելի բախտավոր գտնվեցան, նրանք այդ սրով պատերազմեցին օտարների հետ, իսկ ես պետք է պատերազմեմ իմ հարազատի հետ... Թշնամու զորքերին առաջնորդում է իմ հորեղբայրը... Թո՛ղ օրհնյալ լինի նախախնամողի կամքը, թո՛ղ նա զորություն տա իմ բազուկներին, այդ սրով մաքրել այն արատը, որ իմ հարազատը պետք է դնե մեր տոհմի վրա...

Սամվելի դեմքը մինչև այդ րոպեն փայլում էր ուրախությունից, բայց լսելով վերջին խոսքերը, մռայլվեցա՜վ նա։ Մուշեղի ակնարկությունները վերաբերում էին նրա հորը։ Սահակր նկատեց դժբախտ երիտասարդի հուզմունքը և, դառնալով դեպի նա, հարցրեց.

— Դու միևնույնը չէի՞ր անի, ինչ որ ասաց Մուշեղը։

— Ես ավելին կանեի... և կանե՜մ...— պատասխանեց Սամվելը դառնությամբ լի ձայնով։

— Ուրեմն ամեն ինչ վերջացած է։ Խոսենք գործի վրա։ Վեհազնյա Պարթևը աչք ածեց դեպի յուր խորհրդակիցները և շարունակեց.

— Սամվելը յուր գեղեցիկ ճառի մեջ շատ ճիշտ նկատեց, որ մենք պետք է գործենք հայոց տիկնոջ անունով և պետք է նրա հրամանով շարժենք թե նախարարներին, և թե ժողովրդին։ Այդ անհրաժեշտությունը կարևոր համարելով, ես նախքան Տարոն գալը Վաղարշապատում տեսնվեցա տիկնոջ հետ։ Նա ավելի քան մեզանից յուրաքանչյուրը` ոգևորված է մեր աշխարհի փրկության գործով։ Նա դրեց մեր իրավունքի ներքո արքայական ամբողջ գանձը և, բացի դրանից, յուր սեփական հարստությունը և մինչև անգամ յուր զարդերը։ Նա հանձնեց ինձ յուր մատանին, իրավունք տալով, ամեն տեսակ հրամաններ կնքել նրանով։

Նա դուրս բերեց յուր ծոցից տիկնոջ մատանին և դրեց սեղանի վրա, ասելով.

— Ժամանակավոր բարձրագույն կառավարությունը, որ առաջարկեց Սամվելը և որի հետ մենք ամենքս համաձայն ենք, պետք է հենց այս րոպեից կազմված համարել։ Թո՛ղ Տրդատի և մեր Լուսավորշի հոր աստվածը զորացնե մեր ձեռնարկությունը։ Կրոնի, ազգի, հայրենիքի փրկությունը և նրանց պաշտպանության համար ամեն զոհաբերություն հանձն առնելը` կլինի մեր կռիվների նշանաբանը։ Ես մեծ հույսեր ունեմ, որ եթե չհաղթենք, գոնե պատվով կմեռնենք...