Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա կանգ առեք և րոպեական լռությունից հետո շարունակեց.

— Ես առավոտյան պետք է մեկնեմ այստեղից. ինձ հետ պետք է տանեմ և Մեսրոպին։ Գիշերը դեռ բոլորովին չէ անցել, դեռ բավական ժամանակ ունենք: Թող Մեսրոպը սկսե գրել հարկավոր հրամանները, որ պետք է հղել նշանավոր նախարարներին: Այդ հրովարտակների վրա կդրվին՝ նախ տիկնոջ կնիքը և ապա մեր յուրաքանչյուրի կնիքները։ Իսկ թե որտե՞ղ պետք է կենտրոնանան մեր գլխավոր ուժերը, այդ քո մտածելու խնդիրն է, Մուշեղ. դու ավելի հմուտ ես պատերազմի գործերում։

— Արտագերս ամրոցում,— պատասխանեց նա։

— Ես էլ նույն կարծիքին եմ, — ասաց Պարթևը։ — Արարատը, որ մեր աշխարհի սիրտն է, պետք է պաշտպանվի։ Կորցնելով սիրտը, կկորցնենք և կյանքը...

— Սկսի՛ր գրել, Մեսրոպ, — դարձավ նա դեպի քարտուղարը, տալով նրան մի քանի առաջնակարգ նախարարների անուններ։

Մեսրոպը վեր առեց գրիչը և մագաղաթը։

Այդ միջոցին ամրոցում մի այլ տեղ նույնպես քնած չէին։ Յուր առանձնասենյակում, բարձր բազմոցի վրա, նստած էր Սամվելի մայրը, իսկ նրա ներքևը, հատակի վրա, կուչ էր եկած մի փոքրիկ մարդ։ Նա յուր ծնկան վրա դրած ուներ մագաղաթի թերթը, նույնպես գրում էր և երբեմն յուր նիհար դեմքը, նեղ աչքերով, դարձնում էր դեպի տիկինը, հարցնելով.

— Էլ ի՞նչ գրեմ...

Երբ վերջացրեց, երկու նամակներ դրեց տիկնոջ առջև, ասելով.

— Այդ մեկը իշխան Մերուժանի նամակն է, իսկ մյուսը՝ իմ տիրոջ Վահան իշխանի նամակն է։

Տիկինը յուր ձեռքով ծրարեց ամուսնի նամակը։

ժէ

ԿՆՈՋ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Մյուս օրը, չնայելով անձրևային խոնավ եղանակին, Սահակ Պարթևը և Մեսրոպը վաղ առավոտյան ներկայացան տիկին Մամիկոնյանին և, «մնաք բարյավ» ասելով, հեռացան Ողական աժրոցից։ Տիկնոջ թախանձանքը, մինչև անգամ արտասուքը, անզոր