Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— «Այո՜ւ»... «այո՜ւ... լսելի եղավ երեխայի թոթովանար և նա, հեռվից փոքրիկ ձեռիկները վեր րարձրացնելով, ողջունեց հոր առավոտը։

Հայրը մոտեցավ, աղախնի գրկից առեց զավակին, սեղմեց յուր կուրծքի վրա։

Ամբողջ գիշերը անցկացրած լինելով Սահակի, Մեսրոպի և Սամվելի հետ, նա յուր կնոջը չէր տեսել։ Կինը եկել էր տեսնելու ամուսնին։

Երեխան գրկում իշխանը եկավ, նստեց բազմոցի վրա, իսկ կինը կանգնած մնաց նրանց հանդեպ և, խորին զմայլմունքով, նայում էր հոր խաղերին յուր զավակի հետ։ Նա երբեմն մատը դիպցնում էր ուրախ մանուկի լիքը թշերին, և ամեն անգամ կանչռտում էր, ծիծաղում էր նա, և այդ հրեշտակային ծիծաղի միջոցին նրա փոքրիկ բերանը թաքչում էր գիրգ թշերի ալիքների մեջ։

— Երեկվանից դարձյալ մի նոր բան է սովորել, — հաղորդեց մայրը ուրախությամբ։

— Իմ գառնուկը մի՜շտ նոր բան է սովորում, մի՜շտ նոր բան է սովորում,— ձայն տվեց հայրը և փայփայեց նրա խարտյաշ գանգուրները:— Ի՜նչ է սովորել։

Մայրը դարձավ դեպի աղախինը, որը մոտեցավ, չոքեց փոք¬ րիկ Մուշեղի առջև, ցույց տալու նրա նոր օյինբազությունը: Նա ձեռքը դրեց երեսին, գլուխը մի կողմ թեքեց և, աչքերը խփելով, ասաց.

— Մուշեղ, նա ՜-նե՜նք։

Երեխան նույնպես աչքերը խփեց, գլուխը գրեց հոր կուրծքի վրա և ձևացրեց, թե քնում է։ Բայց երկար համբերել չկարողացավ, շուտով սկսեց ծիծաղել և աչքերը բաց արավ։

— Ա՛յ, սատանա, — նկատեց հայրը, սեղմելով նրան յուր գրկի մեջ, — նա քեզ է խաբում, դու նրան ես խաբում։

Երեխան, կարծես վիրավորվելով հոր նկատողությունից, մի ճարպիկ ոստյուն գործեց նրա գրկում և երկու ձեռիկները մեկնեի դեպի մայրը։

Մայրը առեց նրան գիրկը, հեգնելով.

— Դու երեխային գրավելու շնորհք չունես։

— Ձանձրացավ ինձանից...— ասաց հայրը և նրա ուրախ դեմքի վրա անցավ տխրության մթին մռայլը։

Կինը նկատեց այդ։

Բայց զվարճասեր երեխան մոր գրկում ևս ձանձրացավ, սկսեց