Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թռչկոտել դեպի աղախինը և նրան դեպի ինքը հրապուրելու ցույցեր անել։ Աղախինը մոտեցավ։ Մայրը երեխային հանձնեք նրան, ասելով.

— Դուրս տար դրան։

Այժմ հանգիստ էր նա, այժմ յուր ընտելացած գրկումն էր։ Նախասենյակից լսելի եղավ նրա վերջին «այո՜ւ» - «այո՜ւն» — նրա մանկական մնաք բարյավը, որ շարժեց հոր բոլոր սրտագին զգացմունքները։ Նրա դեմքը ավելի մռայլվեցավ։

Երբ երկու ամուսինները մնացին միայնակ, կինը մի առանձին կարեկցությամբ նայեց յուր սիրելիի երեսին, հարցնելով.

— Դու այս առավոտ սաստիկ գունաթափ ես, երևի ամբողջ գիշերը չես քնել։

— Ի՞նչ գիտես, որ չեմ քնել,— հարցրեց իշխանը։

— Գիշերը մի քանի անգամ դուրս եկա, նայեցի լուսամուտներին, ճրագը դեռ վառվում էր։ Դու սովորություն չունես քնելու ժամանակ ճրագը վառ թողնել։

— Ուրեմն դո՞ւ էլ չես քնել։

Մի քաղցր ժպիտ եղավ Մուշեղի պատասխանը։ Այդ ժպիտ այրեց նրա սիրտը։ Մի գիշեր միայն նա միայնակ էր թողել սիրելի կնոջը, և նա անհանգիստ էր եղել, չէր կարողացել քնել։ Բայց եթե երկար, շատ երկար բաժանվելո՞ւ լիներ նրանից...

Տիկինը նստեց նրա մոտ և ձեռքը առեց յուր ափերի մեջ։ Նա դարձյալ դիմեց ամուսնին առաջին հարցով, որի մասին բավականացուցիչ պատասխան չստացավ։

— Ի՞նչ է պատահել քեզ հետ, ինչո՞ւ հանկարծ տխրեցիր։

Ինչպե՞ս բացատրել, թե ի՛նչ էր պատահել։ Շատ բան էր պատահել։ Եվ շատ բաներ ևս պատահելու էին... Արդյոք կնոջ քնքուշ սիրտը այնքան ամրություն կունենա՞ր բոլորը լսելու։

Մուշեղը սկսեց ավելի մեղմ կերպով.

— Տեսնո՞ւմ ես, Սաթենի՛կ, մի գիշեր միայն բաժանվեցա քեզանից և դու անհանգիստ եղար, եթե պատահեր երկա՞ր բաժանվել քեզանից։

— Ես ավելի երկար կտանջվեի,— պատասխանեց կինը։

— Եվ դու կհամբերեի՞ ր մեր անջատմանը։

— Կսովորեի համբերել, եթե այդ անհրաժեշտ լիներ։

— Ի՞նչ դեպքերում դու անհրաժեշտ կհամարեիր։

— Այն դեպքերում, որ շատ անգամ պատահել է. օրինակ եթե դու կռվելու գնայիր։