Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար, հենց ինքը կմատնե ինձ, քեզ և մեր բոլորին նրանց ձեռքը․․․

— Այդ բոլորը իմանո՞ւմ է Սամվելը,- հարցրեց կինը։

— Իմանում է,- ասաց այրը։

— Խեղճ տղա, հիմա ո՛րքան տանջվելիս կլինի․․․ Ես առավոտյան իմ սենյակի լուսամատից տեսա նրան, երբ գնում էր Սահակին և Մեսրոպին ճանապարհ դնելու։ Երեսին գույն չէր մնացել, այնքան տխուր էր, այնքան մաշվել էր, կարծես ամիսներով հիվանդ պառկած լիներ։ Այդ մի քանի օրվա մեջ նա այնքան մաշվեցավ․․․

— Նա սաստիկ զգայուն սիրտ ունի։ Ամեն մի վատություն նրան ցավ է պատճառում։

— Նա ի՞նչ է մտադիր անելու։շ

— Այն, ինչ որ մենք․․․ - պատասխանեց այրը անորոշ կերպով և ապա խոսքը փոխեց, ասելով․

— Դու այժմ բոլորը գիտես, սիրելի Սաթենիկ։ Ես երկու օրից հետո պետք է ճանապարհ ընկնեմ։ Մենք պետք է աշխատենք չարությունը հենց յուր ծագման մեջ խեղդել։ Այսինքն, կամենում եմ ասել դեռ թշնամին մեր երկիրը չմտած նրա ճանապարհը փակել։ Բայց իմ մտատանջությունը քո և իմ զավակի մասին է, թե ի՞նչ կլինի ձեր դրությունը իմ բացակայության ժամանակ։ Դու խո լսեցիր, թե ի՛նչ որոգայթներ է պատրաստում Սամվելի մայրը։ — Լսեցի․․․ նա կին չէ, նա մի հրե՜շ է․․․ - ասաց Սաթենիկը դառնացած ձայնով։

— Այո , հրե՜շ է․․․ Նրա շնորհիվ մեր ամրոցը այժմ մի հրաբուխի վրա է կանգնած, որ ամեն րոպե պայթելու վրա է․․․ Եվ այդ է, որ ինձ մտածել է տալիս՝ ձեր կյանքը փոքր ի շատե ապահով վիճակի մեջ դնել, մինչև պատերազմի փոթորիկը անցնելը։ Բայց ես դժվարանում եմ մի ապահով տեղ գտնել։ — Ամենաապահով տեղը կլինի մեզ համար բանակը, - պատասխանեց կինը հանգիստ կերպով։

Կնոջ պատասխանը՝ թե յուր ուշիմությամբ և՛ թե յուր այրական ներշնչմամբ և՛ զարմացրեց Մուշեղին, և՛ ուրախացրեց նրան։ Այդ պատասխանի մեջ տեսնում էր նա մոկացի կնոջ քաջազնական սիրտը։

Այդ պատասխանը հարևանցիորեն կամ անպատրաստից ասված չէր, այլ նա խորին կերպով մտածված էր։ Երբ Մուշեղը նկարագրեց նրան գործերի անմխիթար դրությունը, իսկույն ծագեց