Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրա գլխում այդ միտքը, որը ավելի պարզելու համար ավելացրեք նա.

— Դու պատմեցիր ինձ, Մուշեղ, որ Մերուժանը և քո հորեղբայրը պետք է աշխատեն ձերբակալել բոլոր նախարարների ընտանիքներին, որոնց հետ, անտարակույս, և մեզ։ Այդ դեպքում, թե մեզ համար և թե բոլոր նախարարների կանանց համար՝ ավելի հարմար է բանակի մեջ ապաստան գտնել։ Մենք մեր օրորոցներով կշրջենք բանակի հետ և մեր ձեռքով կդարմանենք մեր ամուսինների վերքերը․․․

Կնոջ տված խորհուրդը Մուշեղին շատ նպատակահարմար երևաց։ Ուրիշ հնար չկար, պետք է այդպես լիներ։ Նախարարները իրանց բոլոր ուժերը կենտրոնացնելով թշնամու դեմ, նրանց ամրոցները - նրանց ընտանիքների ապաստարանները - հետևապես պետք է մնային անպաշտպան։ Իսկ թշնամին ամեն հնարք գործ կդներ՝ գրավելու ամրոցները։ Իսկ եթե նրանք միայն իրանց ամրոցները պաշտպանեին, այն ժամանակ պետք է առանձնանային, պետք է ընդհանուր զորությունը ջլատվեր, և երկրի սահմանները պետք է մնային բաց թշնամու առջև։

Բայց այժմ ներկայանում էր մի այլ անհարմարություն։ Ինքը Մուշեղը երկու օրից հետո պետք է թողներ յուր ամրոցը։ Եթե նա ընտանիքը յուր հետ տանելու լիներ, դրանով արդեն բացարձակ կերպով պետք է ցույց տար յուր դիտավորությունները, որ ցանկանում էր գոնե առժամանակ ծածուկ պահել։ Բացի դրանից, նրա վրա դրված էր և յուր մյուս հորեղբայրների և հորեղբոր որդոց ընտանյաց պաշտպանության հոգսը, որոնց նա յուր զավակից չէր բաժանում։

Նա կրկին դիմեց կնոջ խորհրդին։

— Մենք սովորություն ունեինք, - ասաց կինը փոքր-ինչ մտածելուց հետո, — ամեն տարի ներկա գտնվել Շահապիվանի աշխարհախումբի տոնախմբությանը։ Եվ շատ անգամ գնում էինք տոնն սկսվելուց մի քանի ամիս առաջ։ Այնտեղ էր լինում թագավորի բանակատեղը, այնտեղ է լինում և ինքը թագավորը։ Մենք միասին էինք վայելում Ծաղկած լեռների գեղեցկությունը, մինչև սկսվում էր տոնը։ Այժմ այդ ուխտագնացությունը մի հարմար առիթ է մեզ այստեղից հեռանալու։ Դու, Մուշեղ, կարող ես գնալ, ինչպես վճռել ես, երկու օրից հետո, իսկ մենք կհետևենք քեզ մի շաբաթից հետո։

— Շատ գեղեցիկ միտք է, - ասաց Մուշեղը ուրախանալով։