Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրան՝ յուր մարդիկը յուր հետ տաներ։ Իսկ Սամվելի մարդկանց թիվը ավելի շատ էր, քան մոր նշանակածները։

Նա այժմ ոտքի վրա անցուդարձ էր անում յուր սենայկում և, ձեռքերը եռանդով շփելով, ինչ-որ հաշիվներ էր անում յուր գլխում։ Պատանի Հուսիկը, նկատելով նրա ուրախ տրամադրությունը, համարձակություն ստացավ մի այլ խնդիրքով ևս դիմելու յուր տիրոջը: Բայց այս անգամ տատանվում էր նա, և նրա ճարպիկ լեզուն, որ խոսքի ետևից ման գալու սովորություն չուներ, այս անգամ պապանձվել էր։ Ամոթխածությունից գլուխը խոնարհեցրած, երբեմն թեքվում էր աջ ոտի վրա, երբեմն ձախ ոտի վրա, և մի-մի անգամ ձեռքը տանում էր, ականջի ետևը քորում էր։ «Ասե՞մ, թե չասե՞մ»․․․ այդ երկու բառերն էին պտտվում նրա հուզված գլխում։

Եթե Սամվելը գոնե մի անգամ նայելու լիներ խեղճ պատանու վրա, իսկույն կնկատեր նրա անհանգիստ դրությունը, բայց Սամվելը հափշտակված էր յուր քաղցր խոկումներով և նրա վրա ամենևին ուշադրություն չէր դարձնում։

Մի քանի անգամ հազաց պատանին։ Նրա կեղծ, խորամանկ հազը գրավեց Սամվելի ուշադրությունը, որ նայելով նրա շփոթված երեսին, հարցրեց.

— Այլևս ի՞նչ ասելիք ունես։

— Ինչպե՞ս ասեմ․․․ տեր իմ․․․- աչքերը դեպի ցած խոնարհեցնելով, մրմնջաց պատանին։

— Այնպես ասա, ինչպես միշտ սովորություն ունես ասելու,- խոսեց իշխանը ծիծաղելով։

— Ինչի՞ց ես ամաչում։ Տիրոջ ծիծաղը ամրացրեց պատանու վստահությունը, և նա հեկեկալով ասաց․

— Այսօր ամբողջ օրը լաց էր լինում «նա»․․․

— Ո՞վ, Նվա՞րդը։

— Այո՛, տեր իմ։

— Ինչո՞ւ էր լաց լինում։

— Նա իմացել է, որ ես գնալու եմ իմ տիրոջ հետ․․․

— Եվ տխրո՞ւմ է։

— Ո՛չ, տեր իմ։ Ես խոսք էի տվել․․․

— Ի՞նչ խոսք էիր տվել։

— Որ այդ օրերում․․․

— Կպսակվեք։ Այդպես չէ՞։

— Այո, տեր իմ։

— Հիմա ի՞նչ ես ուզում, կամենում ես մնա՞լ, պսակվե՞լ։