Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարսից թագավորի մեծամեծ զորապետները, պետք է երևալ բանակի մեջ, պետք է ցույց տալ իրան։ Այնտեղ հավաքվելու են բոլոր նախարարների որդիները։ Ես ո՞րիցն եմ պակաս թե իմ նետ նետելով և թե իմ նիզակ շարժելով․․․»։ Մի խոսքով, էլ բան չմնաց, որ չասացի։ Դու գիտես, որ մայրերը փառասեր են լինում, մանավանդ որդիների վերաբերությամբ։ Նա բարեհաճեց, որ ես էլ երևամ նախարարների որդիների մեջ և զարմացնեմ պարսիկներին։ Լավ չե՞մ սարքել։

— Վատ չէ, - պատասխանեց Սամվելը,- թեև սուտեր շատ ես խոսել։

— Ոչ, աստված է վկա, սուտ չեմ ասել, բայց մի փոքր պարծեցել եմ, - ասաց պատանին, ավելի կարմրելով։ — Ի՞նչ պետք է անեի, մարդ ուզում է՝ դուրս գա, աշխարհ տեսնե, բայց դրանք, կույր աղջկա նման, հենց տանն են պահում։ Ես խո պստիկ չեմ, մի տարի էլ անցնի, բեղերս դուրս կգան․․․ Այն ժամանակ կասեն՝ դու մարդ ես․․․»։ Հիմա ինձ մարդու տեղ չեն դնում․․․ Այս գիշեր եմ քնելու - խոսքր փոխեց նա, — մինչև լույս չեմ քնելու։ Երբ առավոտյան տեղ եմ գնալու, գիշերը քունս չէ տանում։ Պետք է ամեն ինչ պատրաստել տամ, ամեն ինչ․․․

Այդ շատախոս պատանին, որին առաջին անգամ տեսանք Մուշեղ իշխանի պարտեզում, Համազասպ մանուկի հետ նետաձգության փորձեր անելիս, - այդ կյանքով և կրակով լի պատանին ոչ Սակավ հարգելի պատճառներ ուներ մասնակցելու Սամվելի արշավանքին։ Թայը Սամվելին սկսեց անհանգստացնել այն միտքը՝ արդյոք այդ անփորձ և պարզամիտ մանուկը իրան չէ՞ր խանգարի․․․ արդյոք նա մի անխուսափելի ծանրություն չէր դառնա յուր համար․․․ Այդ տարակուսանքներն էին պատճառը, որ Սամվելը դժվարացավ պատասխանել, երբ պատանին, նրա երկու ձեռքերը առնելով յուր ափերի մեջ, մոտեցրեց յուր շրթունքներին, հարցնելով․

— Բոլորի հաճությունը ստացել եմ, սիրելի Սամվել, մնում ես դու, ասա , հոժա՞ր ես, որ ես էլ գամ քեզ հետ։

Երբ Սամվելը յուր պատասխանը ուշացրեց, նա ավելացրեց, ասելով․

— Եթե դու չհամաձայնվես, ես առանց քեզ էլ կգնամ․․․

Պատանու ինքնավստահությունը փոքր-ինչ չափազանց էր։ Բայց Սամվելին հայտնի էր նրա անսանձ, անզուսպ բնավորությունը