Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք արդեն հասել էին Արածանիի ափերին։

Կապուտակ ձիավորը այստեղ կանգ առեց։ Նա նայեց դեպի երկինքը, նայեց դեպի յուր շուրջը։ Կամենում էր գիտենալ, թե ո՛րքան ժամանակ էր մնացել, մինչև լույսի բացվելը։ Ոչ մի աստղ ցույց չտվեց նրան գիշերային ժամը։ Ամեն ինչ խորասուզված էր անվերծանելի մթության մեջ»

Բայց պետք էր շտապել․․․

Երկու մտածություններ մի քանի րոպե պահեցին նրան անվճռականության մեջ. գետո՞վ անցնել, թե՞ կամուրջով գնալ։ Կամուրջով—դա շատ հեռու կտաներ և գուցե կհանդիպեր նրան... և գուցե կբռնվեր կամուրջի գիշերային պահակներից.․․ Վճռեց անցնել գետով։

Հեզ և արծաթափայլ Արածանին գարնանային հեղեղներից կատաղել էր և պղտոր հորձանքներով ծածկել էր յուր ափերը։ Բայց մեր ուղևորը ծանոթ էր նրա ծանծաղուտների հետ։ Նա ցած իջավ ձիուց, ձեռքով փայփայեց յուր կապուտակի գեղեցիկ բաշը, փոքրիկ գլուխը, ասելով. «Դու քաջությամբ կտրեցիր Տիգրիսի ահռելի ալիքները, այժմ հայրենի երկրի Արածանին ինչո՞ւ պետք է վախեցնե քեզ»։ Նա ձիու սանձը հանեց բերանից, որ լողալու միջոցին ազատ շունչ առնե, նստեց և, երեսը խաչակնքելով, քշեց դեպի գետը։

Գետը, մի ահարկու վիշապի նման, գոռում էր, գոչում էր։ Գիշերային մթության մեջ՝ նրա պղտոր հոսանքը ավելի մռայլ կերպարանք էր ստացել։ Ձին, ամբողջ մարմնով խորասուզված ջրի մեջ, միայն գլուխը վեր բարձրացրած, մռնչելով և փռնգալով, պատերազմում էր ալիքների հետ։ Նրա ոտները հատակին չէին դիպչում, անցնում էր լողալով։ Ձիավորը սանձի փոխարեն բռնած ուներ նրա բաշից, և ձեռքով ուղղություն էր տալիս ընթացքին։ Մի քանի պտույտների մեջ՝ թե ձին և թե ձիավորը սկեցին ջրի տակ։ Կրկին դուրս հայտնվեցան։ Երբեմն անցնում էին նրանց մոտով ծառի կոճղներ, գերանի կտորներ, որ ծփալով տարվում էին կոհակների հետ։ Ձիավորը շտապում էր խույս տալ դրանցից։ Բայց ահա՛ հեռվից մի ինչ-որ որոտում էր։ Տագնապը մոտենում էր։ Ձիավորը չկորցրեց յուր սառնասրտությունը և խորին ուշադրությամբ նայեց դեպի այն կողմը։ Մի մթին, անորոշ կույտ լողում էր ջրի երեսին։ Որքան մերձենում էր, այնքան աճում էր նա, այնքան սոսկալի ձև էր ստանում։ Կարծես մի ամբողջ բլուր դանդաղ ընթացքով շրջում էր գետի վրա։ Մերթ անհայտանում էր