թյունը:Իրավ, եթե Սամվելը նրան յուր հետ տանելու չլիներ, նա այնպես էլ կգնար:
Մի միտք ծագեց Սամվելի գլխում. «Դա ինձ հարկավոր կլինի...» — և իսկույն գրկեց նրան, ասելով.
— Մի՛ վշտացիր, սիրելի Արտավազդ, դու իմ ասպախումբի զարդը կլինես, ես առանց քեզ մի քայլ անգամ չեմ փոխի, գնա՛, պատրաստվիր:
Պատանին վեր կացավ և, ուրախությունից մոռանալով մինչև անգամ բարի գիշեր ասել, դուրս վազեց սենյակից։
Նախասենյակում լապտերը ձեռին սպասում էր նրա ծառան: Նա շտապելով թողեց ծառային և անցավ: Ծառան լապտերը տանում էր նրա ետևից և դժվարանում էր հասնել:
——-
Երեք օր անցել էր այն գիշերից, որ երկու սուրհանդակները մտան Ողական ամրոցը, բերելով Տիզբոնի բոթը։
Երեք օրից հետո դուրս եկան Ողական ամրոցից երկու եղբոր որդիները.
Սամվելը առավոտյան, յուր փառավոր ասպախումբով, հանդիսավոր կերպով:
Իսկ Մուշեղը գիշերով, միայն երկու զինակիրների հետ, գաղտնի կերպով...