Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձորերի խորքերը, անհետացնում էր բոլոր ճանապարհները և կտրում էր ամեն հարաբերություն։ Ճանապարհորդները, երկար ձողերը ձեռքներին բռնած, այնպես էին շրջում, որպեսզի ձյունի հյուսի տակ ծածկվելու ժամանակ, ձողերի գլուխը դրսում մնալով, խնդրակները գիտենային, որ տակումը մարդիկ են թաղված։ Այդ ձողերը ունեին և այլ հարմարություններ։ Նրանց վրա հենվելով թռչում էին խորին վիհերից և նրանցով ձյունի տակից ծակ էին բաց անում շունչ առնելու համար։

Ձյունի վտանգներին ենթարկվում էին ոչ միայն հասարակ մահկանացուներ, այլ թագավորներն անգամ։

Սանատրուկ թագավորը, տղայության ժամանակ, երեք օր և երեք գիշեր մնաց ձյունի տակ, յուր դայակի գրկում։ Խնդրակների սպիտակ շունը գտավ նրանց և հսկեց նրանց մոտ այնքան ժամանակ, մինչև մարդիկ եկան և դուրս հանեցին։ Տիրան Ա թագավորը բոլորովին անհետացավ ձյունի հյուսի տակ, նրան գտնել չկարողացան։ Քսենոփոնը հունաց տասն հազարի հետ՝ հայոց երկրով անցնելու միջոցին սառցրեց յուր զինվորների ոտներն ու ձեռքերը, թեև ձմեռը դեռ նոր էր սկսվել։ Յուր բանակի ձիաների ոտներն անգամ պատեց նա տաք պարկերի մեջ, բայց հնար չեղավ ցրտից ազատելու։ Արտավազդ Ա-ի օրերում հայոց ձմեռը կոտորեց Անտոնիոս հռոմայեցու զորքերից 8000 հոգի, երբ նա վերադառնում էր պարսից արշավանքից։

Սարսափելի էր հայոց բուքը, բորեասը։

Դառնաշունչ քամին կատաղաբար տեղափոխում էր ձնային ահագին բլուրները և օդը մթնեցնում էր սառցային թանձր փոշիով։ Այդ օրհասական րոպեներում ամեն շնչավոր թաքստի տեղ էր որոնում։ Մեծ ճանապարհների վրա, վտանգավոր տեղերում, քարավանների պատսպարության համար՝ շինված էին հատուկ պանդոկներ։ Բայց այդ փոթորիկների միջոցին՝ խիստ սակավ էր պատահում, որ քարավանը ժամաներ յուր փրկության իջևանին։ Շատ անգամ մի քանի քայլ հեռավորության վրա ծածկվում էր ձյունի թանձրության ներքո։

Լեռնային կողմերում տարվա համարյա կես մասը շինականները իրանց անասունների հետ ապրում էին ձյունի տակ, մթին, գետնափոր խրճիթներում։ Այդ ստորերկրյա խորշերում՝ թե տերը և թե անասունը բավական պաշար ուներ։ Բայց սովը և անասունների կոտորածը միշտ անխուսափելի էր դառնում, երբ ձմեռը սովորականից ավելի երկար էր տևում։ Ջուրը ստանում էին նրանք