Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուժը ավելի բարձր էր, քան Արարատյան զինվորությունը։

Մյուս կողմից, այնքան բազմաթիվ նախարարություններ, բաժան-բաժան եղած միմյանցից, որոնց յուրաքանչյուրը կենտրոնացած էր յուր մեջ, ապրում էր յուր տարբեր շահերով, ուներ յուր վաղեմի, ավանդական ինքնակայությունը, - շատ պարզ է, որ այդ մասնատյալ իշխանություններից չէր կարող կազմվիլ մի ամփո, ամուր, միահեծան պետություն։

Արշակունյաց վերջին թագավորները զգում էին, թե ինչ բանի մեջն է իրանց տկարությունը, և պետությունը մի ամբողջական և ուժեղ կազմության վերածելու նպատակով սկսեցին փոքր առ փոքր ոչնչացնել նախարարների իշխանությունը։

Գործերի դրությունը, շրջապատող հանգամանքները և իրանց - թագավորների - հանապազ ընդհարումները նախարարների հետ, նրանց այդ բնական շավիղի մեջ դրին։

Այդ գաղափարը ծագեց Արշակունի թագավորների մեջ սկսյալ այն օրից, երբ քրիստոնեությունը մուտք գործեց Հայաստանում։ Տրդատը առաջինը եղավ, որ ոչնչացրեց Սլկունյաց զորեղ նախարարությունը և Տարոնը խլեց նրանցից։ Բայց մեծ թագավորը զբաղված լինելով Հայաստանի կրոնական վերանորոգության մեծ գործով, ժամանակ չունեցավ իրագործելու նրա քաղաքական վերանորոգության ավելի ծանր գործը։

Տրդատ մեծի երեք հաջորդները* Խոսրով P, Տիրան P և Ար- շակ P' ավելի առաջ տարան նրա սկսած գործը։

Տրդատ մեծի որդի Խոսրով փոքրը թեև ոչ հոր հսկայական տիպարն ուներ և ոչ նրա անպարտելի քաջությունը, բայց խելացի մարդ էր։ Նախարարների վերաբերությամբ ձեռք առեց նա երկու միջոցներ՝ խիստ և մեղմ։ Խիստ էր նա, երբ Աղձնյաց Բակուր բդեշխին սպանել տվեց, նրա ցեղը ջնջեց և, նրա երկրում շատ կոտորածներ կատարելուց հետո, նրա որդի Հեշային բազմաթիվ գերիների հետ տարագրեց Աղձնիքից։ Բայց նրա գործ դրած մեղմ միջոցները ավելի քաղաքագիտական էին և ավելի կորստաբեր կարող էին լինել նախարարների համար, եթե Խոսրովը երկար ապրեր։ Նա թագավորեց 9 տարի միայն։ Նա մտածեց՝ ավագ նախարարներին կապել արքունիքի հետ և պալատական զվարճություններով մեղկացնել, տկարացնել նրանց։ Այդ նպատակով հրատարակեց մի նոր օրենք, որ հազարից մինչև տասն հազար (մի բյուր) զորք ունեցող նախարարները պետք է միշտ թագավորի մոտ լինեն և նրանից չհեռանան։ Եվ որպեսզի նրանց զբաղեցնե, Խոսրովը Երասխի