Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա, մերթ երևան էր գալիս ավելի ահարկու կերպարանքով։ Ձիավորը հասկացավ նրա ինչ լինելը։ Նա մի ակնթարթում ձիու թամբից սողաց դեպի գավակը, որ նրա բեռը թեթևացնե։ Բռնեց ագիից, սկսեց շտապեցնել նրան։ Օրհասական ժամը մոտենում էր, քանի որ թանձր, այլանդակ հրեշի նման մոտենում էր մթին կույտը։ Նրա որոտը խլացնում էր ամեն ձայն։ Պետք էր փախչել նրանից, եթե ոչ, մի թեթև տաշեղի նման յուր հետ կտաներ թե ձիուն, թե ձիավորին։ Ձին անգամ զգաց մոտալուտ վտանգը և կրկնապատկեց յուր ուժերը։ Անհնարին արագությամբ կտրում էր նա կոհակները։ Հրեշը անցավ։ Դա ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մերձակա անտառների մի մասը, որ հեղեղը արմատախիլ անելով, յուր պտույտների մեջ կծկել էր, գալարել էր, և մի այնպիսի այլանդակ գունդի ձև էր տվել։

Ձիավորը կրկին անգամ գոհությամբ երեսը խաչակնքեց, երբ ոտք դրեց ցամաքի վրա։

Նա յուր հագուստը քամեց, ցամաքացրեց, հետո սանձը դրեց ձիու բերանը, և շարունակեց ճանապարհը, ինքը գնալով ոտով, իսկ ձիուն յուր ետևից քարշ տալով, որ փոքր-ինչ հանգստանա։ Բայց ձին դժվարությամբ էր հետևում նրան։ Որքան նա ջրի մեջ արագընթաց էր, այնքան ցամաքի վրա դանդաղկոտ դարձավ։ Տերը վերաբերում էր այդ նրա հոգնածությանը։

Գետեզերքից բավական հեռանալով, այժմ մոտեցավ նա Քարքե լեռան բարձրավանդակներին։ Ճանապարհը զառիվեր էր, ոլորվում էր սարերի լանջաց վրայով, իջնում էր խորին ձորերի, փապարների մեջ, և դարձյալ բարձրանում էր բլուրների վրա։ Նա ծանոթ էր այդ անտառապատ լեռների հետ, գիտեր նրանց դժվարին անցքերն ու շավիղները, երեխայությունից սնվել ու մեծացել էր այդ խոնավ ծմակների մթության մեջ, ուր ցերեկի լույսը երբեք չէր թափանցում։ Նա ապառաժների ու անտառների որդի էր։

Կայծակը շանթեց մոտակա ծառերի կատարներին և մերձակայքը լուսավորվեցավ բաց-վարդագույն փայլով։ Որոտի ձայնը ահեղ դղրդյունով տարածվեցավ մթին ձորերի մեջ։ Ուղևորը նայեց դեպի ամպամած երկինքը և շտապեցրեց յուր քայլերը։ Նա չվախեցավ գետից, բայց վախենում էր փոթորիկից։ Փոթորիկը մեծ արհավիրք է գործում այդ կուսական անտառների մեջ, մանավանդ գիշերային պահուն։ Ժայռերի բարձրությունից խլում է նա ողողված, մերկարմատ ծառերը և նետում է ճանապարհի վրա։ Ծառերի հետ փուլ են գալիս և քարերի ահագին բեկորներ։ Ամեն մի