Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բնավ ամենևին չէր տեսնվում, որ աղքատները մուրացկանություն անեին, այլ այնտեղ նրանց հանգստանալու տեղերում (աղքատանոցներում) ամեն մարդիկ մատակարարում էին նրանց պետքերը, և նրանք, ամեն բանով լիացած, կարոտություն չունեին ոչ ոքից»։

Նույնը կրկնում է Մեսրոպ երեցը. -«Ներսեսի օրերում Հայոց աշարհում ոչ ոք չէր տեսնում, որ մի մուրացկան երևնար, կամ անկարգ, անիրավ և դատարկաշրջիկ մարդիկ, որ Հայոց երկրում կային շատ ժամանակներից ի վեր, -բոլորին վերջ տվեց սուրբ Ներսեսը»։

Հայոց աշխարհի մեծ բարեկարգիչը ինքը առաքինության կատարյալ տիպարն էր։ Գթության, ողորմածության օրինակը նախ ինքն էր տալիս, և ապա հորդորում էր, որ ուրիշներն ևս նույնը անեն իրանց աղքատ և կարոտյալ եղբայրներին։

Բյուզանդացին ասում է.

«Նախ ինքն էր անում և ամենին նույնն էր ուսուցանում. հրամայում էր, որ առհասարակ Հայոց բոլոր աշխարհում, գավառներում և զանազան կողմերում... աղքատանոցներ շինեն, և ժողովեն ախտավորներին, ուրուկներին, անդամալույծներին և ամեն ցավագարներին, - նրանց համար հիմնվեցան ուրկանոցներ, դարմանանոցներ, և կարգվեցան ռոճիկներ»... «Այրիներին, որբերին և չքավորներին հանգստություն և սնունդ էր բաշխում (յուր տան մեջ) և աղքատները միշտ նրա հետ էին ուրախ լինում, յուր սեղանը բաց էր և սեղանատունը ամբողջ օրը աղքատների և օտարականների համար մի հյուրանոց էր։ Թեև բոլոր գավառներում աղքատանոցներ հիմնեց և նրանց համար ապրուստ կարգեց... բայց յուր չափազանց աղքատասիրության պատճառով յուր սեղանատան դռներն ևս միշտ բաց էին նրանց առջև. կույրերը, կաղերը, խեղանդամները, խուլերը, հաշմանդամները, խեղճերը և կարոտյալները, նրա հետ և նրա շրջանում նստած, կերակրվում էին։ Նա ինքը յուր ձեռքովն էր լվանում ամենին, օծում էր և պատում էր (նրանց վևրքերը)։ Նա ինքը անձամբ ուտեցնում էր նրանց ամեն մի կերակուր, և յուր ունեցածը նրանց պետքերի համար էր ծախսում, և ամեն օտարականները նրա հետ, նրա հովանավորության ներքո պատսպարված, հանգստություն էին վայելում»։

Այդ բոլորից հետո, շատ հասկանալի է այն մեծ ժողովրդականությունը, որ վայելում էր պաշտելի մարդը։ Հասարակաց