Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազնվականության հարստահարությունները՝ թելադրեցին նրան եկեղեցու գիրկը դարձնել մի անսահման և ապահով պատսպարան, ուր բոլոր նեղյալները և կարոտյալները կարողանային ապաստան գտնել։

Եվ, վերջապես, գուցե ոչ կանխագիտակ նախամտածությամբ, այլ միայն ողորմածության գաղափարով ոգևորված, մեծ հայրապետը գործի սկզբում նախատեսել չկարողացավ յուր հսկայական ձեռնարկության հետևանքները, որ այլ վախճանի չէին կարող հասցնել, քան թե՝ ստեղծել Հայոց աշխարհից մի եկեղեցական պետություն, խաչի սրբազան դրոշի ներքո։

Թե այդպես և թե այնպես, հոգևոր-համաքաղտքացիների վանքը հիմնվեցավ։ Այդ համաշխարհական վանքի վանահայրը ինքը հայրապետն էր-Ներսես Մեծը։ Նրա ընդարձակ տնտեսությունը հանձնել էր նա կրոնավորներից ընտրված առանձին վերակացուների, որոնց գլխավորն էր յուր սարկավագը — Խադը, որ հետո եպիսկոպոս ձեռնադրվեցավ։

Ի՞նչ արդյունքներով էր կառավարվում այդ վանքը։

Դա յուր ժամանակի ամենածանր տնտեսական խնդիրն էր, որի լուծման մեջն էր կայանում բուն շարժառիթը այն բոլոր կռիվների և այն բոլոր ընդհարումների, որ տեղի ունեցան հոգևոր և մարմնավոր իշխանության մեջ, և որոնք փութացրին Արշակունյաց պետության ցավալի անկումը...

Վերևում հիշվեցավ, որ արդեն Լուսավորչի օրերում, երթ վանքերի հիմնարկության սկիզբը դրվեցավ, նորահավատ Տրդատը, ջերմեռանդ առատաձեռնությամբ, յուր ամբողջ պետության մեջ ընդհանուր օրենք դրեց, որ ագարակներից «չորս-չորս հող», իսկ ավաններից «յոթն-յոթն հող» հատկացվի եկեղեցուն։ Բացի այդ հողերից, եկեղեցին ստանում էր առանձին տասնորդ երկրի բոլոր մշակույթներից։ Եկեղեցին գրավեց այլև այն մեհենական կալվածքները, որ հեթանոսական դարերում վայելում էին քուրմերը։

Ներսես Մեծի օրերում, երբ վանքերի և զանազան բարեգործական հիմնարկությունների թիվը անհամեմատ կերպով բազմացավ, նույն չափով բազմացրեց նա և եկեղեցական կալվածքների քանակությունը, հատկացնելով նրանց նորանոր ավաններ և նորանոր գյուղեր։ Ինչ որ հիմնեց նա, բոլորի գոյությունը ապահովացրեց հաստատուն եկամուտներով։

Բացի հոժարակամ կտակներից, որով ցանկացողները իրանց