Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կայքը թողնում էին եկեղեցուն, առանց կտակի ևս, անժառանգ մեռնողի օրինավոր ժառանգը համարվում էր միայն եկեղեցին, որ գրավում էր հանգուցյալի բոլոր շարժական և անշարժ կայքերը։ Եվ այդ ոչ-սակավ ընդարձակում էր եկեղեցու անհուն հարստությունը։

Երբ Վաչե Մամիկոնյանր Խոսրով Բ-ի հրամանով ջնջեց Մանավազյան և Որդունյաց նախարարների մնացյալ ժառանգներին, այնուհետև այդ երկու նախարարությունները իրանց բոլոր կալվածքներով դարձան եկեղեցու սեփականություն։ Մանավազյան նահապետի երկիրը յուր քաղաքներով և գյուղերով ստացավ Ալբիանոս եպիսկոպոսը և հատկացրեց յուր կառավարության ներքո գտնված եկեղեցիներին։ Իսկ Որդունյաց նախարարության երկիրը յուր քաղաքներով և գյուղերով գրավեց Բասենու եպիսկոպոսը։

Եվ այդպես, եկեղեցին յուր բազմաթիվ վանքերով, գրավելով հողերի մեծ մասը, հետզհետե դառնում էր պետության մեջ ամենահարուստ կալվածատերը, մինչդեռ թագավորը սեղմված էր Արարատի նեղ սահմանների մեջ, իսկ նախարարությունները այնքան բազմացել էին, որ իրանց գոյությունը պահպանելու համար բավականաչափ հող չունեին։

Եթե վանքերը լինեին լոկ կղերանոցներ, որոնց մեջ անգործ աբեղաների մի ստվար բազմություն միայն սպառում լիներ երկրի հարստությունը, տարակույս չկա, որ այդ դեպքում նրանք բոլորովին անտանելի կդառնային ժողովրդին, մանավանդ որ քրիստոնեությունը դեռ ոչ այնքան տարածված էր Հայաստանում։ Քրիստոնեության մուտք գործելուց անցել էր 70-80 տարի միայն։ Այդ սուղ միջոցում նոր կրոնը չէր կարող այնքան արմատացած լինել ժողովրդի մեջ, որ եթե ոչ քրիստոնեական ճշմարիտ ջերմեռանդությամբ, գոնե հասարակության մեջ մոլեռանդություն զարգացնելով, կղերը կարողանար ժողովրդին գրավել դեպի եկեղեցին և նրա վաստակը բաժաներ նրա հետ։ Բայց հայոց վանքերի կազմակերպությունը, մանավանդ Ներսես Մեծի բարեկարգություններից հետո, հարմարեցրած էր երկրի թե՛ պահանջներին և թե՛ պայմաններին։ Այս տեսակ վանքեր կարող էին գոյություն ունենալ մինչև անգամ մի հեթանոս ժողովրդի մեջ։ Վանքը միացրել էր յուր գոյության հետ և բարեգործական, և մարդասիրական նպատակ։ Ուր տիրում է ստրկությունը, հարստահարությունը, ուր ազատանին ճնշում է անազատին, այնտեղ այս տեսակ հիմնարկությունները ոչ միայն փրկարար ապաստան են դառնում նեղյալների