Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են հեթանոսական հին սովորությունները դարձյալ գործ գնել և մինչև անգամ կուռք պաշտել։

Եվ, անտարակույս, ուրիշ շատ նոր կարգադրություններ կաներ երիտասարգ թագավորը, եթե հռովմեական նենգավոր սուրը նրա այրունը չթափեր հրավերքի սեղանի վրա...


III

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՆԱԶԱՆ ՏԱՐԵՐՔԸ

Խնդիրն այն էր, որ հոգևորականությունը ինքը յուր մեջ մի սերտ և զորեղ միաբանություն կազմել չէր կարող, որովհետև նա բաղկացած էր զանազան միմյանց հակառակ տարերքից։ Այդ թեև մի կողմից թուլացնում էր եկեղեցու ուժը, բայց, մյուս կողմից, հնար էր տալիս մարմնավոր իշխանությանը օգուտ քաղել նրանց անհաշտությունից։

Ինչպե՞ս կազմվեցավ այդ զանազան տարերքը։

Լուսավորիչը, քրիստոնեությունը Հայաստանում տարածելու համար, Կեսարիայից բերեց յուր հետ, իբրև օգնականներ, մի խումբ օտարազգի կրոնավորներ։ Հետո, գործերի և պահանջների աճելու համեմատ աճեցրեց նաև օտարազգի կրոնավորների թիվը, հետզհետե նորերին հրավիրելով։

Մի նամակի մեջ, ի թիվս այլոց, այդպես էր գրում Լուսավորիչը Տրդատի հետ միասին նյուստրացոց Եղիազար եպիսկոպոսին և Ազդենացոց Տիմոթեոս եպիսկոպոսին։

«...Մանավանդ գիտեք, որ մեր ամեն գավառների համար եպիսկոպոսներ են պետք և քահանաներ։ Եվ թեպետ ոմանք (կրոնավորներ) զանազան կողմերից եկել և հավաքվել են այստեղ, բայց ի՞նչ են դրանք, հայոց վեց հարյուր և քսան գավառների հետ համեմատելով, յուրաքանչյուր գավառին մի-մի կամ երկու քահանա հազիվ թե ընկնի։ Իսկ այս երկրի (հայոց) մանուկները դեռ դպրոցներումն են, և նրանցից դեռ ոչ ոք պատրաստ չէ քահանայության համար... Ուրեմն աղաչում ենք ձեզ, մեզանից մի խորշեք. այլ ամենայն վստահությամբ փութացեք գալ այդ մարդիկների հետ, որ ուղարկեցինք ձեզ մոտ։ Եվ եթե կգաք, Հարքա և Եկեղյաց ամբողջ երկիրը ձեր առջև կդնենք. որ վիճակում և բնակ֊