Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վելու կլինիք՝ այն վիճակը ձերը կլինի, և կժառանգեն նրանը, որ ձեզանից հետո կհաջորդեն»։

Վերջին խոսքերից պարզ է, որ օտարազգի եկեղեցականները, հրավիրվելով Հայաստան, ստանում էին իրանք ցանկացած վիճակը իբրև ժառանգություն և, այնտեղ հոգևոր իշխանություն կամ կրոնական միաբանություններ հիմնելով, թողնում էին նույն վիճակը իրանց հաջորդներին։

Թե որքա՞ն եղավ այդ օտարազգի եկվորների ընդհանուր թիվը, հայտնի չէ, բայց այնքանը բավական հայտնի է, որ Լուսավորիշը դեռ յուր կենդանության ժամանակ կարողացավ Հայաստանի զանազան վիճակներում կարգել մինչև 400 եպիսկոպոսներ, ի բաց առյալ երեցները և վարդապետները։

Այդ մի խոշոր թիվ է։ Ագաթանգեղոսի մեզ տված այդ թիվը` եթե չափազանցություն ևս համարվի, բայց այնքանը ճշմարիտ է, որ քրիստոնեությունը յուր հետ բերեց Հայոց աշխարհում օտարազգի եկեղեցականների բավական մեծ հոսանք։

Որպես երևում է վերևի նամակից, Լուսավորչի հիմնած դպրոցները, այնքան սուղ ժամանակում, որ տևեց նրա առաքելական կյանքը, անկարող էին բնիկներից այնքան թվով եկեղեցականներ պատրաստել։ Իսկ հիշյալ եպիսկոպոսները կարգվեցան այն ժամանակ, երբ դպրոցները դեռ նոր էին հիմնվում։ Ուրեմն, շատ պարզ է, որ այդ հոգևորականները, եթե ոչ բոլորովին, բայց, անտարակույս, մեծ մասամբ օտարազգիներ էին՝ հույներ և ասորիներ։

Բնիկներից փոքր ի շատե նախապատրաստություն ունեին քուրմերի որդիները։ Դրանք սկզբից ուսում ունեին, և հետո, Լուսավորչի նոր հիմնած դպրոցները մտնելով, կարողացան շուտով քրիստոնեական կրթություն ստանալ և եպիսկոպոսական աստիճանի հասնել։ Բայց դրանց թիվը այնքան աննշան էր, որ оտարազգիների հետ համեմատելով խիստ զգալի փոքրամասնություն էին կազմում։ 12 եպիսկոպոսների անուններ միայն հայտնի են քուրմերի որդիներից, որոնց մեջ նշանավոր եղավ Ալբիանոսը։

Թեև դեռ Լուսավորչից առաջ Հայաստանում թաքնված քրիստոնեություն կար, և կային մինչև անգամ քրիստոնեական վանքեր, բայց այդ վանքերը ի վաղուց հետե սնուցանում էին իրանց նեղ և սահմանափակ շրջանում խստակյաց աբեղաներ և աշխարհից հրաժարված ճգնավորներ միայն, որոնք անընդունակ էին նոր