Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայրապետը տեղ չցույց տար։ Բայց հայրապետը թագավորի արքունիքը մտնելու ժամանակ ազատ էր ամեն տեղ նստելու: Ծառայողների և զանազան պաշոնակալների մի ստվար բազմություն միշտ ներկա էր այնտեղ։ Տասնևերկու եպիսկոպոսներ հայրապետի անբաժան գործակիցներն էին և խորհրդակիցները։ Չորս վարդապետներ և վաթսուն երեցներ միշտ անպակաս էին նրա սպասից։ Աշխարհականներից մինչև հինգ հարյուր հոգի ամեն օր սեղան էին նստում։ Բացի դրանցից, հայրապետր ուներ յուր այլ և այլ պաշտոնյաները, որպիսիք էին սենեկապետ, փակակալ: Դրան եպիսկոպոս, դպրապետ, հյուրընկալ, սարկավագապետ: Դրան վարդապետ: Դրան երեց և այլն։

Հայրապետական տունը, Լուսավորչի բոլոր ժառանգների օրերում, փակված չէր այս կամ այն վանքի առանձնության մեջ։ Այլ նա աշխարհից չէր անջատված և աշխարհի առջև միշտ բաց էր: Լուսավորչի ժառանգները, Աբրահամի, Իսահակի և Հակոբի նման, միևնույն ժամանակ, թե ժողովրդի հայրեր էին և թե գերդաստանի հայրեր։ Նրանք բնակվում էին իրանց ընտանեկան խաղաղ շրջանում։

Մեծ էր փառքը հայրապետի, երբ նա որևէ տեղ էր գնում։ Մի ամբողջ բանակ շարժվում էր նրա հետ։ Մի քանի հարյուր սպառազինված ձիավորներ, յուր թիկնապահներից, ուղեկցում էին նրան: Մի քանի հարյուր եպիսկոպոսներ, վարդապետներ, երեցներ և այլ եկեղեցականներ, ջորիների վրա նստած, ընթանում էին նրա առջևից և ետևից։ Ինքը հայրապետը նստած էր լինում կամ սպիտակ ջորու վրա, կամ կառքի մեջ, որ նույնպես տանում էին երկու սպիտակ ջորիներ, որ միայն թագավորն իրավունք ուներ գործածելու։ Ջորիների թամբերը և այլ հանդերձանքը զարդարած էին լինում ոսկով։ Հայրապետր սովորաբար երեսը ծածկված էր ունենում սև քողով։ Առջևից տանում էին հայրապետական գավազանը և, իբրև սրբազան դրոշ, բարձր խաչվառը։

Կենցաղավարության և արարողությունների այդքան ընդարձակ, այդքան շքեղ կազմությունը շատ հասկանալի է, որ ահագին ծախքերի էր կարոտ։ Հայոց թագավորներից հատկացրած 15 գավառների ամբողջ արդյունքները հազիվ կարողանում էին բավականացնել հայրապետական տան ծախքերը։ Բացի այդ գավառներից, հայրապետական տունը ուներ յուր սեփական կալվածքները:

Ծագելով բարձր ազնվապետական տոհմից, ինքր Լուսավորիչը բավական կալվածքներ ուներ հայոց երկրում։ Նրա հայրը,