Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անակը, Պարսկաստանից գալով Հայաստան և, անձնատուր լիննելով հայոց Խոսրով թագավորին, վերջինս սիրով ընդունեց նրան, և նրա բնակության համար ընծայեց ընդարձակ կալվածքներ։ Անակի վարմունքից հետո՝ այդ կալվածքները հարքունիս գրավվեցան։ Բայց Տրդատը կրկին վերադարձրեց Անակի ժառանգներին, որոնց ներկայացուցիչն էր Լուսավորիչը։ Այդ կալվածքների թվում էր Արամոնս ավանը, Կոտայքի գավառում, որ ծառայում էր Լուսավորչի տան համար իբրև ձմեռոց, և որը հետո վայելում էին նրա ժառանգները։

Լուսավորիչը ստացավ Տրդատից նաև այն ավաններից և գյուղերից շատերը, որոնք առաջ քուրմերի սեփականություն էին։ Այդ գյուղերից մեկն էր Թորդանը, Դարանաղյաց գավառում, որ ծառայում էր հայրապետական տան համար որպես ամառանոց։

Թորդանը նշանավոր էր հեթանոսական դարերում իբրև հայոց նվիրական վայրերից մեկը։ Այնտեղ կանգնած էին «Սպիտակափառ դից» տաճարները։ Բայց Թորդանը ավելի երանելի դարձավ, երբ նրան վիճակվեցավ լինել հայոց բազմավաստակ Լուսավորչի զբոսավայրը։ Այնտեղ էր այն սրբազան այգին, որ յուր ձեռքով մշակել էր հայոց առաքյալը։ Այնտեղ անցուցանում էր նա յուր հանգստի ժամերը, և այնտեղ հանգստացան նրա և յուր ժառանգնների սուրբ նշխարները։

Սկզբում քրմական կալվածք էր և Թիլ ավանը, Եկեղյաց գավառում։ Նա գտնվում էր հռչակավոր Երիզայի հանդեպ։ Գայլ գետը, մեջտեղից անցնելով, բաժանում էր հայոց այդ երկու նշանավոր սրբավայրերը — Թիլը և Երիզան: Առաջինի. մեջ կանգնած էր Արմազդի դստեր Նանեի արձանը, փսկ երկրորդի մեջ Անահիտի ոսկյա արձանը։ Վերջինը նույն արձանն էր, որի գլխին պսակ չդնելու համար այնքան տանջանքներ կրեց Լուսավորիչը Տրդատից։ Իսկ հետո, երբ Տրդատը քրիստոնեություն ընդունեց, հիշյալ երկու տաճարներն ևս կործանեց Լուսավորիչը։ Թիլ ավանը ստացավ նա իբրև մշտական ժառանգություն։ Այդ ավանում դրվեցան նրա որդիներից մի քանիսի շիրիմները։ Եվ այդպես, հայրապետական տունը, յուր բազմագումար ծախքերը լցուցանելու համար, ստանում էր 15 գավառների ամբողջ արդյունքը, և, բացի դրանից, իբրև մշտական ժառանգություն, վայելում էր յուր սեփական գյուղերի և ավանների արդյունքները։

Լուսավորչի տան այդքան շատ կալվածներ գրավելը հետո