Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա, իրան ձևացնում էր որպես ուղտ, սկսում էր թռչկոտել և ուղտի նման ձայներ հանել, ասելով. «Ես ուղտ եմ... ես ուղտ եմ․․․ թագավորի մեղքերը կտանեմ․․․ դրեք իմ վրա թագավորի մեղքերը, որ ես տանեմ... »։

Իսկ թագավորը, յուր մեղքերի փոխարեն, դնում էր նրա մեջքի վրա գյուղերի և ագարակների պարգևական հրովարտակներ։

Այսպիսով հարստացավ նա և հարստացրեց յուր վանքը։ Որքան Լուսավորչի տոհմը խիստ և անաչառ էր դեպի բարձր մարմնավոր իշխանությունը, դրանք այնքան քսու և հաճոյամոլ դարձան։ Որքան Լուսավորչի տոհմը ազնիվ էր և վեհանձն, դրանք այնքան ստորաքարշ դարձան։

Շնորհավաճառությունը այդ խաբեբաների ձեռքում հասել էր ամենավատթար անարգության։ Մի անգամ նույնիսկ այդ Հոհան՝ եպիսկոպոսը ճանապարհին հանդիպում է մի լավ հագնված երիտասարդի, որ նստած էր գեղեցիկ նժույգի վրա։ Նժույգը հրապուրում է սրբազանին։ Նա կանգնեցնում է երիտասարդին, հրամայում է ցած իջնել ձիուց։ Երիտասարդը կատարում է նրա հրամանը։ «Խոնարհեցրո՛ւ գլուխդ,— ասում է նրան եպիսկոպոսը,— ես պետք է քահանայության ձեռք դնեմ քո վրա»։ Զարմացած երիտասարդը պատասխանում է. «Ես մի ավազակ, սպանող և չարագործ մարդ եմ, ես արժան չեմ մի այսպիսի պաշտոնի»։ Եվ իրավ, երիտասարդը հենց նույն ժամին վերադառնում էր ասպատակությունից։ Բայց եպիսկոպոսը ուշադրություն չէ դարձնում նրա ընդդիմադրությանը, բռնությամբ խլում է նրա վերարկուն, հագցնում է «աղաբողոն» (փարաջա) և ձեռքը գլխին դնելով, ասում է. «Ահա՛ քեզ երեց ձեռնադրեցի, հիմա գնա , քո գյուղի քահանան դարձի՛ր»։ Հետո նստում է երիտասարդի նժույգի վրա, հեռանում է, ասելով. «Այդ էլ թո՛ղ իմ վարձը լինի...»։

Կաթողիկոսի որդին էր այդ անողը, երիտասարդը ի՛նչ համարձակություն ուներ նրան հակառակելու։ Նա ապշած, շփոթված գնում է յուր տունը, կնոջը պատմում է ճանապարհի վրա պատահած անցքը։ Կինը ծիծաղելով հիշեցնում է նրան, թե դու մինչև անգամ մկրտված չես, ինշպե՞ս քահանա ձեռնադրվեցար։ Երիտասարդը ստիպված է լինում կրկին գնալ եպիսկոպոսի մոտ և գտնում է նրան յուր վանքում։ Երբ հայտնում է, թե ինքը դեռ քրիստոնյա չէ և մկրտություն անգամ չէ ընդունել,— այդ միջոցին եպիսկոպոսը վեր է առնում մի սափորով ջուր։