Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերել մի օրինակ, որ երբ սուրբ Եպիփանր թողեց Հայոց եբկիրը և վերադարձավ Հունաստան, նա յուր ջանքերով հաստատած շատ կրոնական միաբանություններ թողնելուց հետո, տարավ յուր հետ միայն յար ձեռնասուն աշակերտներից 500 հոգի։

Այդպես է նկարագրում ժամանակի պատմագիրը այդ անապատականների կյանքը.

...«Բնակվում էին անապատներում, առանձնացած էին երկրի քարանձավներում, ժայռերի այրերում և խոռոչներում։ Միայն մեկ հանդերձ ունեին, շրջում էին բոբիկ ոտներով, կերակրվում էին խոտերով, ընդեղեններով և արմատներով։ Գազանների նման թափառում էին լեռների մեջ, պատած էին մաշկերով և այծի մորթիներով, և անապատներում մոլորված, աստուծո սիրո համար, խորին նեղության մեջ, տանջվում էին ցրտից, տոթից, քաղցից և ծարավից։ Եվ իրանց կյանքի ամբողջ օրերը այսպիսի համբերությամբ էին տանում, բոլորովին ունայն համարելով այս աշխարհը... և թռչունների երամների նման բնակվում էին ապառաժների խոռոչներում կամ քարանձավների խորքերում, առանց որևէ կայք կամ ստացվածք ունենալու, առանց որևէ խնամք կամ դարման տանելու իրանց մարմնին»։

Օտարազգի կրոնավորները, որոնք լցրել էին հայոց անապատներն ու վանքերը, կամ այս տեսակ ճգնավորներ էին, որոնց կրոնամոլությունը հասնում էր վերին աստիճանի մոլեռանդության կամ խիստ ամուր հաստատությամբ կազմակերպված կղերական միաբանություններ էին, որոնք հարստահարում էին երկրի արդյունքները հօգուտ իրանց վանքերի։

Առաջինները — անապատականները — անձնուրացությունը, կյանքից և աշխարհի վայելչություններից հրաժարվիլը ընդունելով իբրև միակ փրկարար հոգևոր գաղափար, իրանց սպանիչ օրինակներով մեռցնում էին ժողովրդի մեջ ամեն կյանք, ամեն աշխույժ և ամեն ձգտումն դեպի հառաջադիմություն։ Ժողովրդի մեջ վհատություն և ունայնասիրություն զարգացնելով, կտրում էին նրան թե աշխարհից և թե գործունեությունից։ Իզուր չստացան նրանք «խսոստանարակ» անունը, որով մարդը հավասարացրել էին անասունի։

Միշտ խոնարհություն քարոզելով, միշտ հեզություն քարոզելով, նրանք սպանում էին ժողովրդի քաջազնական ոգին։ Թե ո՛րքան աննպաստ կարող էին լինել այդ տեսակ քարոզները ժողովրդի պահանջներին, այդ մասին բավական է ի նկատի առնել Հայաստանի