Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրինակով մեռցնում էին ամեն կենդանություն։ Մնացյալները զանազան կղերական միաբանություններ էին, որ գրավել էին վանքեր։ Որքան առաջինները արհամարհում էին կյանքը և աշխարհի վայելչությունները, նույնքան վերջինները ամեն հնար գործ էին դնում հարստացնելու իրանց վանքերը։

Ցավալին այն էր, որ դրանք էին հայոց վարժապետները։ Այն բոլոր դպրոցներում, որ հիմնվեցան Լուսավորչի ձեռքով, Տրդատի օրերում, և այն բոլոր դպրոցներում, որ հիմնվեցան Ներսես Մեծի, ձեռքով, Արշակ Բ-ի օրերում,— բոլորի մեջ տիրապետում էին հունաց և ասորոց լեզուները, բոլորի մեջ ուսումը ավանդվում էր հունաց և ասորոց գրքերով։ Ուսման նպատակը լինելով՝ ծանոթացնել քրիստոնեության և սուրբ գրքերի հետ, իսկ սուրբ գրքերը գրված լինելով հիշյալ լեզուներով,— այդ պատճառով նրանք դարձան դպրոցական լեզու։ Հայոց լեզուն, հայոց գիրն ու դպրությունը արտաքսվեցան հայոց ուսումնարաններից, որովհետև դեռ սուրբ գրքերի թարգմանություններ չէին եղած, և հայկական դպրությունը տակավին մնացել էր յուր հեթանոսական բովանդակության մեջ, և այդ պատճառով արհամարհված էր։

Այդ հունական և ասորական դպրոցները, որ կառավարվում էին հույն և ասորի կղերի ձեռքով, կարող էին ավելի վտանգավոր լինել, եթե դուրս գային վանքերի պարիսպներից և տարածվեին ժողովրդի մեջ։ Բայց վանքերի մեջ փակված լինելով, ժողովուրդը թեև չէր օգտվում նրանցից, բայց գոնե չէր էլ վարակվում։ Նրանք պատրաստում էին միայն հոգևորականներ — ասորոց և հունաց լեզուներով կրթված հոգևորականներ:

Այդ օտար, հայի համար խորթ և անհասկանալի լեզուները տիրապետում էին և հայոց եկեղեցիներում։ Բոլոր սուրբ գրքերը, բոլոր աղոթքներն ու մաղթանքները այդ լեզուներով էին կատարվում: Ժողովուրդը ոչինչ չէր հասկանում և ոչինչ էլ չէր շահվում եկեղեցուց։ Այդ էր պատճառը այն խորին դանդաղկոտության, որով քրիստոնեությունը տարածվում էր Հայաստանում։ Հայոց լեզուն մնացել էր հեթանոսական հին երգերի մեջ, որ դեռ երգում էր ժողովուրդը, որ դեռ սիրում էր ժողովուրդը։ Հա¬յոց լեզուն մնացել էր հեթանոսական հին արարողությունների մեջ, որոնցից դեռ բոլորովին չէր բաժանվել ժողովուրդը։ Հայոց լեզուն մնացել էր նույնիսկ ժողովրդի բերանում, որ հալածում էր օտարազգի կղերը։

Ալդ բոլորից հետո, շատ հասկանալի է, թե ինչ կործանիչ