Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բ

ՏԱՐՈՆԻ ԱՌԱՎՈՏԸ

Փոթորկային գիշերին հաջորդեց գարնանային խաղաղ, հովասուն առավոտը։ Ողական ամրոցը շրջապատող ծառազարդ բլուրները մխում էին ձյունի պես ճերմակ գոլորշիներով։ Սար ու ձոր, դար ու դաշտ պատած էր անթափանցիկ մառախուղով։ Օդի մեջ լողացող ջրային շիթերը, արեգակի առաջին ճառագայթներից, վառվում էին միլիոնավոր ոսկյա հուլունքների նման։ Ծառերի տերևները, խոտերի ծղոտները, հովիտների նախշուն ծաղիկները, ցողված անձրևային կաթիլներով, կարծես սփռված լինեին գույնզգույն գոհարներով։

Այդ գեղեցիկ առավոտը հիշեցնում էր այն վաղեմի, հանդիսավոր առավոտներից մեկը, երբ Աստղիկը, Տարոնի դիցուհին, դուրս էր գալիս Աշտիշատի տաճարներից և, շրջապատված յուր անթառամ նաժիշտներով, իջնում էր Քարքե լեռան բարձրություններից Արածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու։ Այդ միջոցին հայոց երիտասարդ դյուցազունները թաքչում էին Աշտիշատի դիցանվեր անտառի մթին ծառաստանի մեջ, հեռվից դիտելու գեղեցիկ աստվածուհու լոգարանը։ Բայց Աստղիկը Մուշի ամբողջ դաշտը վարագուրում էր մառախլապատ մշուշով և յուր լոգարանը անտեսանելի էր կացուցանում անհամեստ հետաքրքրությունից։

Վաղորդյան մառախուղը հետզհետե նոսրանում էր, նրբանում էր, որքան արեգակը բարձրանում էր հորիզոնի վրա։ Այժմ մշուշի միջից, որպես թափանցիկ շղարշի միջից, սկսվեցան նկարվիլ հեռավոր պատկերները։ Երևում էր Սիմ լեռան կանաչազարդ շղթան, մեղմ ալիքներով և ձյունապատ գագաթներով, որոնք արևի ճառագայթների առջև փայլում էին վարդագույն ներկով։ Իսկ ավելի հեռու, դեպի Կրկուռ և Նեմրութ լեռնեցի կողմերը, մանիշակագույն ժապավենի նման, երևում էր Բզնունյաց ծովակի միայն նեղ շերտը։ Երևում էին Քարքե լեռան բարձրությունները իրանց մթին ծմակներով և մռայլ անտառներով, որոնք իրանց անմատչելի թավուտների մեջ սնուցանում էին մի մռայլ ժողովուրդ։ Հիշյալ լեռների հսկայական շրջանակի մեջ, որպես մի սքանչելի պատկեր, երևում էր Մուշի ընդարձակ դաշտավայրը, հարթ, հավասար,