Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազդեցություն կարող էին ունենալ այնքան բազմաթիվ վանքերն իրանց օտարազգի կրոնավորներով, երբ ժողովուրդը յուր հոգևվոր և մտավոր կրթությունը պետք է այդ անհարազատ ձեռքերից սպասեր։

Օտարազգի կրոնավորները երկար չմնացին իրանց ճգնավորական կեղևի մեջ։ Հարստությունը հետզհետե խլեց այն կեղծ բարեպաշտական դիմակը, որով ծածկված էին նրանք։ Աշխարհի փառքն ու վայելչությունները արհամարհող աբեղաները, որոնք առաջ ցնցոտիներով էին ծածկում իրանց մերկությունը, բոբիկ ոտներով էին շրջում, միայն արմատներով ու բույսերով էին կերակրվում,— երբ հարստացան և հարստացրին իրանց վանքերը, սկսեցին ոչ միայն չափազանց շռայլ կյանք վարել, այլ բոլորովին այլ փառասիրությունների ձգտել։

Յուր տեղում հիշվեցավ, որ Արշակունյաց վերջին թագավորները մասամբ ուղղեցին Տրդատի սխալը նրանով, որ օտարազգի կրոնավորներին թույլ չէին տալիս եկեղեցու վարչական պաշտոնների մեջ մտնել, որպիսի էր վիճակային եպիսկոպոսությունը, բայց միայն համբերում էին նրանց վանքերին, որ մի անգամ ձեռք էին ձգել։ Բարձր հոգևոր իշխանությունը — կաթողիկոսությունը — միայն Լուսավորչի տան ժառանգությունն էր, որ հետո ժամանակավորապես Ալբիանոսի տոհմի ձեռքն անցավ։ Իսկ վիճակային եպիսկոպոսությունների պաշտոնը վարում էին նույնպես բնիկները, միայն ազգով հայ եկեղեցականները։ Բացառություններ խիստ սակավ էին լինում։

Բայց Արտաշես Գ-ի թագավորության վերջին օրերում՝ օտարազգի կրոնավորները հետամուտ են լինում ոչ միայն հայոց վիճակների եպիսկոպոսությունները գրավելու, այլ մինչև անգսւմ հայրապետական աթոռը իրանց ձեռքը ձգելու։ Ժամանակի քաղաքական դառն հանգամանքները նպաստեցին նրանց։ Արշակունյաց իշխանությունը անկման վիճակի մեջ էր. թագավորի մեջ այլևս զորություն չէր մնացել։ Նախարարների մեջ տիրում էր անհաշտ երկպառակություն։ Նրանք ապստամբվել էին Արտաշեսի դեմ և ավելի բարվոք էին համարում օտարի ծանր լուծը կրել, քան իրանց թագավորին խոնարհվել։ Հայաստանը հոգեվարքի մեջ էր։ Մնում էր վերջին հարվածը, որ տար պարսիկը և Արշակունյաց տան վերջին շառավիղը հանգչեր...

Ահա այդ տագնապի միջոցներում օտարազգի կղերը աշխատեց օգուտ քաղել հանգամանքներից։ Նա հայոց կաթողիկոսի