Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընտրության մեջ, որ վաղեմի ավանդություններով կախված էր միայն հայոց թագավորից, հայոց նախարարներից և հայոց ժողովրդից, խառնեց օտարի նենգավոր ձեռքը։ Սուրմակը աոաջինը եղավ, որ այդ դավաճանության օրինակը տվեց, և պարսից Վռամ թագավորի հրամանով Հայրապետական աթոռը բարձրացավ։ Նրան հաջորդեցին Բրբիշո և Շմուել ասորիները, դարձյալ պարսից թագավորից նշանակվելով։ Թե որպիսի՛ ագահությամբ այդ մատնիչները սկսեցին այնուհետև վիճակները գրավել և եպիսկոպոսների ժառանգությունները հափշտակել,— այդ մասին պատմությունը թողել է խիստ պախարակելի օրինակներ։

Այդ դավաճանները դարձան պարսից թագավորի ձեռքում մի անարգ գործիք և հայոց ազատ եկեղեցու բոլոր կարգերի մեջ խառնեցին նրա կործանիչ միջամտությունը։ Եպիսկոպոսների ձեռնադրությունը և նրանց վիճակներ տալու իրավունքն անգամ՝ կախումն ստացավ պարսից թագավորից։— Հայոց կաթողիկոսը դարձավ պարսից մարզպանի ընկեր և գործակից, որի կառավարությանը ենթարկվեցավ այդ ժամանակ Հայաստանը։

Այդ բոլոր ցավալի դեպքերը կատարվեցին այն ժամանակ, երբ Լուսավորչի տան վերջին ժառանգը, Սահակ Պարթևը, տակավին կենդանի էր։ Թեև ասորին պարսից բռնակալ ձեռքով հափշտակեց նրանից հայրապետական աթոռը, բայց նա արդեն յուր գործը կատարել էր — Հայաստանի փրկության մեծ գործը։ Նա հեռացավ ասպարեզից, բայց հաղթությունը յուր հետ տարավ։ Յուր տոհմի մեջ վերջինը լինելով, նա հասցրեց և վերջին ամենասաստիկ հարվածը, որով խորտակեց օտարազգի կղերի ամբողջ ապագան։ Մարգարեական ոգով նախագուշակելով գալոց վտանգները, նա այդ վտանգների դեմ մի ամուր պատնեշ դրեց։ Արդարև, Արշակունյաց արքայական գահը ընկավ, հայրապետական աթոռը պարսից վերահսկողությանը ենթարկվեցավ, բայց նա ազատեց եկեղեցին, ազատեց ազգը։ Ինչո՞վ։

Մեծ հայրապետը, յուր գործակից Մեսրոպի աջակցությամբ, ստեղծեց հայոց գիրը և նոր դպրությունը։ Հայոց լեզուն սկսեց թագավորել թե հայոց դպրոցներում և թե հայոց եկեղեցիներում՝ Հայը սկսեց յուր լեզվով աղոթել և յուր լեզվով կարդալ։ — Եվ դրա մեջն էր օտարազգի կղերի մահը։ Մինչ այդ ժամանակ, ինչպես տեսանք, հունաց և ասորոց լեզուներն էին տիրապետում հայոց դպրոցներում, հույները և ասորիներն էին հայոց վարժապետներր. նրանց լեզուներն էին տիրապետում և հայոց եկեղեցիներում։ Բայց