Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔ

ՄԵԿԸ-ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ,

ՄՅՈՒՍԸ-ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

I

ՊԱՏՄՈՍ

Ծովը լուռ էր։ Ալիքները զգուշությամբ զարկվում էին Պատմոս կղզու ապառաժոտ ափերին, վախենալով, միգուցե խանգարեն նրա երեկոյան խաղաղությունը։ Արեգակը արդեն սկսել էր թեքվիլ դեպի յուր գիշերային հանգստարանը։ Նրա վերջին ճառագայթները մի առանձին սիրելությամբ շողշողում էին ափերի մոտ սփռված սպիտակ խճերի և ոստրեների նախշուն խեցիների վրա և կարծես դժվարանում էին բաժանվել այդ գեղեցիկ առարկաներից։

Այդ մենավոր կղզին այնպիսի տպավորություն էր գործում, որ կարծես մի փոքրիկ սունկի նման բուսած լիներ ջրերի տակից։ Ծովը վաղուց կրկին կուլ տված կլիներ նրան, եթե նրա վրա բնակվելիս չլիներ մի սրբազան անձնավորություն։

Ջրերով շրջապատված, համարյա թե անջուր էր նա։ Ոչ մի գետ, ոչ մի վտակ չէր ոռոգում նրա շռայլ կանաչագարդությունը։ Ինքը ծովը, յուր խոնավ և լի գոլորշիներով մթնոլորտով, որպես մի զովարար ջերմանոց, պահում էր նրան մշտական գվարթության մեջ։ Նրա անհավասար, կոնաձև մակերևույթի վրա ամեն բույս աճել, ամեն բույս բազմացել էր՝ յուր անզուսպ վայրենության մեջ։ Տեղ-տեղ քմահաճ թզենին յուր մերկ արմատներով քարշ էր ընկած ժայռերի ծերպերից և յուր լայն տերևներով ծածկում էր ապառաժների կուրծքը։ Տեղ-տեղ նռնենին ժպտում էր յուր վառծիրանեգույն ծաղիկներով։ Տեղ-տեղ հսկա կիպարիսը համբուրվում