Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երևի, ասեղի և թելի չքության պատճառով, կապած էին միմյանց Հետ զանազան հանգույցներով։ Տեղ-տեղ ձկան սրածայր ոսկրը, քորոցի փոխարեն, կցում էր մի պատառը մյուսի հետ։ Իսկ այդ ողորմելի հագուստը մի ժամանակ ունեցել էր յուր վայելչությունը, ունեցել էր և յուր շքեղությունը։ Այժմ նրանց քրքրված պատառները կարծես լալով ասում լինեին միմյանց. «Եթե մենք էլ ցած թափվենք, այլևս ինչ կմնա այդ խեղճերի վրա...»։

Այդ թշվառ հագուստի մեջ անգամ դեռ փայլում էր երկու երիտասարդների հարգելիությունը։ Գոհ էին նրանց խաղաղ դեմքերը, երկնային մխիթարությամբ վառվում էին նրանց զվարթ աչքերը։ Երևում էր, նրանք վաղուց հաշտվել էին իրանց աննախանձելի վիճակի հետ։

Հասակով շատ չէին տարբերվում միմյանցից, երկուսն է քսանևհինդ տարեկանից ավելի չէին լինի։ Տարբերվում էին միայն կազմվածքով ու դեմքով։ Մեկը որքան ամուր էր կազմված, մյուսը նույնքան նրբակազմ էր և թույլ։ Մեկը որքան սևուկ էր դեմքով, մյուսը նույնքան ճերմակ էր, և խարտյաշ գիսակները ծածանվում էին ուսերի վրա։ Առաջինի անունն էր Տիրանամ, որ կրճատյալ ձևով կոչում էին Տիրե, իսկ երկրորդինը՝ Ռոստոմ։ Այդ վերջինն էր, որ նստած էր ափի մոտ և նայում էր կողովի վրա։ Նրա խաժ աչքերը տեսնում էին, թե ինչ է կատարվում ջրի պարզ խորության մեջ։

— Որքա՜ն խորամանկ են դարձել այդ անիրավները, — ընդհատեց նա տիրող լռությունը։ — Մոտենում են կողովին և, կարծես, հոտ են քաշում, պտտվում են նրա շուրջը, և դարձյալ հեռանում են։ Ա՜խ, եթե մի կտոր երկաթ լիներ, ես դրանց համար մի կարթ կշինեի...

Նրա խոսքը ձկների մասին էր։ Նա թողեց յուր բռնած դիրքը, եկավ, նստեց առաջինի մոտ, որին կոչում էին Տիրե։ — բայց իմ գործը այսօր լավ է գնում, պատասխանեց Տիրեն,— եթե այդ էլ վերջացնեմ, երկրորդ տապարը կլինի... դեռ արև շատ կա. — նա նայեց դեպի երկինքը, ավելացնելով․-քարը վատ է, շուտ է բթանում, մի օր բանեցնում ես, այլևս ոչինչ չէ կտրում, պետք է միշտ սրել... — Նա սկսեց մատով փորձել տապարի սուր կողմը։

— Արի՛ր, սիրելի Տիրե, — ասաց Ռոստոմը մի առանձին փափագով.— երբ որ բութ է լինում, այդ սաստիկ հոգնեցնում է նրան... Ա՜խ, ո՛րքան աշխատում է նա.. Այսօր առավոտյան (դու