Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերարկուն, որ ընկած էր տաշեղների վրա, ձգեք ուսերին և դանդաղ, չափավոր քայլերով սկսեց դիմել դեպի կղզու զառիվերը։

Նեղ շավիղը, որ կազմվել էր այդ միակ մարդու ոտքի հետքերից, անցնում էր թուփերի և մացառների միջով և, ոլորվելով խոնավ, մամռապատ ապառաժների վրայով, կորչում էր ստվերախիտ ծմակի մեջ։ Այդ շավիղով գնում էր նա։ Երբեմն դժնիկը յուր լրբենի տատասկներով մագլցում էր նրա վերարկուից։ Երբեմն արքայական կաղնին յուր խարտոցի պես անհարթ տերևներով զարկվում էր նրա փառահեղ դեմքին։ Բայց նա ոչինչ չէր զգում։ Մտախոհ կերպով անցավ այդ տարածությունը և մերձեցավ մի քարանձավի։ Նրա մուտքի մոտ կազմված էր մի նստարան, հյուսած թարմ ոստերից։ Բազմեցավ այդ նստարանի վրա և բազմահոգ դեմքը դարձրեց դեպի հանգչող արեգակը։ Նայում էր, և նրա խորախորհուրդ աչքերը կարծես ձգտում էին կլանելու այն անհուն տարածությունը, որով անցել էր տիեզերքի լուսատուն, և այժմ գնում էր լուսավորելու մի այլ աշխարհ...

Իսկ ի՞նքը։ — Ինքը նույնպես մի ժամանակ մի ամբողջ աշխարհի լուսավորության արեգակն էր... Իսկ ա՞յժմ։ Այժմ մի սգավոր աքսորյալ այդ անբնակ կղզում։ Անողոք օվկիանոսը անանցանելի պատնեշ էր դրել նրա շուրջը, և ալիքների անընդհատ հարվածները ամեն րոպե հիշեցնում էին նրան, թե դու միշտ բանտարկված կմնաս այստեղ, քանի որ մենք կանք և կլինենք...

Քարանձավը, որի մուտքի առջև նստած էր նա, գուցե շատ խաղաղ բնակարան կարող էր լինել մի ճգնավորի համար, որ աշխարհը ուրացած, կյանքից ձանձրացած, նրա լռության մեջ մխիթարություն կգտներ։ Գուցե այնտեղ երջանիկ կապրեր և մի ծովային աստված, որ մերժված աս տվածների ակումբից, հալածված Արամազդի շանթերից, յուր վրեժխնդրությունը կգտներ այն զվարճությունների մեջ միայն, որ կկախարդեր, կքարացներ անցնող նավերը, երբ կհամարձակվեին մերձենալ յուր կղզուն և վրդովել նրա խաղաղությունը։

Բայց այստեղ կարո՞ղ էր երջանիկ լինել գործի և գաղափարի մարդը։

Որքա՜ն վիճակների փոփոխություն...

Կար ժամանակ, որ այդ մարդը երիտասարդ էր, մի գեղեցիկ, վայելչահասակ երիտասարդ, որի նմանը չկար յուր աշխարհում։ Մի արքունիքի զարդն էր նա և ուրախությունը։ Ինքը արքայի հոր քեռորդին լինելով, էր, միևնույն ժամանակ, և նրա սենեկապետը: