Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է վառել կրակը, գիտեին, թե որպիսի՛ անոթների մեջ պետք էր կերակուր պատրաստել և ի՛նչպես պատրաստել։ Բայց որտեղի՞ց գտնել անոթները։ Անբնակ կղզում ոչ պղնձագործ կար, ոչ դարբին և ոչ բրուտ։ Կրակը մի հրաշքով գտան նրանք, և անշիջանելի պահպանում էին, որպես որմզղական սուրը հուր։ Իսկ անոթների տեղ գործ էին ածում կամ ոստրեների խոշոր խեցիներ, կամ բույսերից հյուսած զամբյուղներ։

Փայտակույտը բորբոքված կերպով վառվում էր, տարածելով յուր շուրջը խիստ ախորժելի ջերմություն։ Շիկացած ածուխները մի կողմ էին քաշել և նրանց մեջ ձգել էին խոշոր խիսեր, որոնք նույնքան տաքացել էին, որքան ածուխները։ Խիճերի մաքուր մակերևույթի վրա, որպես տապակների վրա, շարել էին ձկներր և խորովում էին։ Խեցգետիններն արդեն կարմրել էին և վարդի գույն էին ստացել։ Դրանցով զբաղված էր Տիբեն։ Իսկ Ռոստոմը տաք մոխրի մեջ թաղել էր շագանակներ, որոնք երբեմն պայթում էին և դուրս էին թռչում, բարձրացնելով իրանց հետ մոխրի թանձր տարափ։ Միջուկները բաժանում էր նա ճղված կեղևներից և դնում էր սադաֆի լայն գաղտակուրի մեջ, որ ափսեի տեղ էր ծառայում։

— Խորոված շագանակներ սիրում է նա, - ասաց Ռոստոմը, ինքն ևս ուրախանալով, որ նա սիրում է։

— Խորոված կաղիններ նույնպես սիրում է, - նկատեց Տիրեն,- բայց ափսոս, որ կաղինները դեռ չեն հասած։

— Ձուկ ամենևին չէ ախորժում ուտել։

— Առհասարակ մսեղենից նա իրան հեռու է պահում։

— Բանջարեղենը մեծ ախորժակով է ուտում, կարելի էր երբեմն աղցաններ պատրաստել, բայց ի՞նչ արած, աղ չկա։

— Քո փորձը աղի մասին անհաջող անցավ։

— Այո՛, անհաջող անցավ։ Ծովեզերքում մի փոքրիկ լճակ շինեցի, ջուրը այնտեղ բաց թողի, մտածում էի՝ արևի տակ գոլորշիացնելով, աղ գոյացնել։ Դու ինքդ տեսար, երբ ջուրը բոլորովին ցամաքել էր, հատակի վրա մնացել էր բավական թանձրությամբ աղային խավ, բայց այնքան դառն էր, ինչպես լեղի։ Ա՜խ, որքա՜ն ուրախ կլինեի, եթե այդ փորձը հաջողվեր։

Նա դեռ նստած էր քարանձավի մուտքի մոտ։

Քարանձավը, որի մեջ բնակվում էր նա, այն այրերից մեկն էր, որ բնությունը պատրաստում է գազանների որջ լինելու համար։ Անցքը նեղ էր, ներս մտնելու միջոցին պետք էր բավական կորանալ։ Հետո հետզհետե լայնանում էր և գոգավոր խոռոչի ձև էր